ՀՀ որոշ քաղաքներում հնարավոր է միավորվեն քաղաքացիական և զինվորական հիվանդանոցները

Հայաստանի պաշտպանության և առողջապահության նախարարների պաշտոնակատարներ Վիգեն Սարգսյանը և Լևոն Ալթունյանը քննարկել են Վարդենիսի, Սիսիանի և Բերդի քաղաքացիական հիվանդանոցների և զինհոսպիտալների միավորման հարցը։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը։

Նշվում է, որ այդպիսով կընդլայնվի և կբարելավվի  բնակչության և զինվորականների բժշկական օգնության որակը։

Գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրել են արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ միավորման շնորհիվ ոչ միայն կտնտեսվեն ֆինանսական զգալի միջոցներ, որոնք կուղղվեն ծրագրերի զարգացմանը, այլև էականորեն կբարձրանա մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Նախարարների պաշտոնակատարները քննարկել են նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման ծավալների, հասանելիության և որակի բարելավման հնարավոր մեխանիզմները։

Նախարարները  համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ են տվել քննարկված հարցերի վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ կատարել և սեղմ ժամկետներում զեկուցել արդյունքների մասին։

Անդրադարձ է եղել նաև զինակոչիկների պատվաստումներին առնչվող կազմակերպական հարցերին։ Առաջարկվել է ընթացիկ տարում գրիպի բռնկման սեզոնին բանակում ավելի մեծ ընդգրկվածությամբ պատվաստումներ իրականացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *