Ռումինիայում ՀՀ դեսպանը երկրի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է ռազմական ոլորտում համագործակցությունը

Փետրվարի 6-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Միհայ-Վիորել Ֆիֆորի հետ: Կողմերը անդրադարձել են ռազմական համագործակցության հնարավոր ուղղություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

Դեսպան Մինասյանը նշել է նաև միջազգային ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության կարևորությունը Հայաստանի համար՝ երկրի զինված ուժերի արդիականացման և զարգացման գործընթացի լույսի ներքո՝ ընդգծելով, որ երկկողմ շփումները կնպաստեն ռազմական համագործակցության հնարավոր ուղղությունների ուրվագծելուն:

Նախարար Ֆիֆորը ողջունել է երկխոսության խթանման և երկկողմ օրակարգի ձևավորման գաղափարը, որը կարող է ընդգրկել նաև ռազմական և պաշտպանական ոլորտի կրթությունը, ռազմական բժշկությունը և այլ բնագավառներ:

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը և նշվել, որ խնդրի կարգավորումը պետք է ընթանա բացառապես բանակցությունների միջոցով, երկխոսության ճանապարհով՝ հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախարար Ֆիֆորը հայտնել է նաև, որ Ռումինիայի նոր կառավարության ձևավորումից և ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում իր վերանշանակումից հետո սա իր առաջին հանդիպումն է օտարերկրյա դեսպանի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *