Հունվարի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացել կատարված աշխատանքներին, կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և մի շարք բարերարներ:
Ըստ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:
Ավելի վաղ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանն էլ հայտնել էր, որ կենտրոնում լինելու են նաև հաշվապահության, օտար լեզուների և այլ դասընթացներ: Բուժման ընթացքում աշխատանք է առաջարկվելու նրանց, ում առողջությունը թույլ կտա:
Կենտրոնը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Վերականգնողական կենտրոնին 2017-ի հունիսին 5 մլն դրամ էր փոխանցել նաև վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության տրամադրման հիմնադրամը:
Կենտրոնի ստեղծման մասին դեռևս նախորդ տարվա փետրվարին հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգստյանը: Նախատեսվում էր կենտրոնը բացել 2017-ի սեպտեմբերին, սակայն բացումը հետաձգվեց, քանի որ կենտրոնի համար նախատեսված նոր տարածքներ ավելացան, ինչպես նաև սպասվում էին բավական թանկ արժողությամբ սարքավորումներ:
Նշենք, որ նախքան շենքի վերակառուցման աշխատանքները և արդիական սարքավորումներով համալրվելը ևս կենտրոնի կինեզիստները աշխատանք էին տանում վիրավորված զինվորների հետ: