Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի արևմուտքում ավարտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 հոգանոց խմբի վնասազերծման գործողությունը՝ ոչնչացնելով փախուստի դիմած վերջին 2 զինյալին։ Հունվարի 28-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Հունվարի 27-ին ԻՀՊԿ-ն և Իրանի հետախուզության «Էմամ է զաման» ուժերը մարտի էին բռնվել Իրաքից ներթափանցած ահաբեկչական խմբի հետ։ Գործողության արդյունքում ուժայինները ձերբակալել էին խմբի 16 անդամի, ևս երեքը շրջափակման ժամանակ պայթեցրել էին իրենց, երկու զինյալ էլ դիմել էր փախուստի։ Հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել էին նաև ԻՀՊԿ 3 զինծառայող։
2017-ի հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Հարձակումներից հետո Իրանը ահաբեկիչների «որս» է սկսել երկրում։
Սա «Իսլամական պետության» կողմից Իրանում իրականացված առաջին ահաբեկչությունն էր։ Մինչ այդ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հիմնականում կազմակերպել են երկրում գործող ահաբեկչական, անջատողական խմբավորումները։