Դեկտեմբերի 27-ին Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ իրենք կշարունակեն մարզել իրաքյան քրդերի Փեշմարգա զորաջոկատներն այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում է Իրաքի կառավարությունը:
Բրիտանացի գեներալ Ֆելիքս Գիդնին նշել է, որ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտության գործում առանցքային նշանակություն են ունեցել ինչպես Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ՝ քրդական Փեշմարգա զորաջոկատները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանումա անցկացված անկախության հանրաքվեից հետո Իրաքի բանակը և շիայական «Հաշդ ալ-Շաաբի» ուժերը ռազմագործողություն սկսեցին քրդական Փեշմարգայի դեմ:
Հոկտեմբերի 16-17-ին նշված ուժերը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջակա բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր: Բաղդադը այժմ վերահսկում է Քիրքուքի բոլոր նավթագազային հատվածները:
Այդ ընթացքում քրդական փեշմերգան մարզող ուժերից մեկը՝ Գերմանիան, ժամանակավորապես դադարեցրեց, սակայն հետո կրկին վերսկսեց մարզել քրդերին: ԱՄՆ-ն ևս շարունակում է մարզել: Դատելով այս հայտարարությունից՝ դրան առնվազն դեմ չէ Իրաքի կառավարությունը, ինչն այդքան էլ հասկանալի չէ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին պաշտոնական Բաղդադը հայտարարել էր, որ քրդական Փեշմարգան պետք է անցնի Իրաքի բանակի վերահսոկղության տակ: