«Փեշմերգան» պետք է անցնի Բաղդադի հսկողության տակ. Իրաքի վարչապետ

Հոկտեմբերի 30-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ  քրդական «Փեշմերգա» զորաջոկատները պետք է անցնեն Իրաքի կենտրոնական կառավարության հսկողության տակ և կրճատվեն: Այս մասին հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:

«Ես պատրաստ եմ «Փեշմերգային» վճարել, որը կլինի դաշնային կառավարության հսկողության տակ: Եթե նրանք ցանկանան սեփական ուժեր ունենալ, դրանք չպետք է լինեն խոշոր, այլ դեպքում նրանք պետք է վճարեն դրա համար», – հայտնել է Իրաքի վարչապետը:

Տարբեր տվյալներով՝ «Փեշմերգայի» թվաքանակը գնահատվում է  մինչև 100 հազար մարդ:

Ալ-Աբադիի խոսքերով՝ ծրագրավորում են Բաղդադի վերահկողությունը սահմանել նաև միջազգային անցակետերի նկատմամբ, այդ թվում նաև օդանավակայանում:
Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանում ճգնաժամը խորացել էր քրդերի անկախության հանրաքվեից հետո, որին Իրաքը, Թուրքիան և Իրանը դեմ էին արտահայտվել:

Հոկտեմբերի 16-17-ին Իրաքի կառավարական ուժերը և շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջակա բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր: Բաղդադը այժմ վերահսկում է Քիրքուքի բոլոր նավթագազային հատվածները:

Այս պարտությունների ֆոնին, Իրաքյան Քրդստանի իշխանությունները որոշեցին 8 ամսով սառեցնել հանրաքվեի արդյունքները և նաև հետաձգել նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Պաշտոնական Բաղդադը պահանջում է արդյունքների վերջնական չեղարկում: Բաղդադի ու Էրբիլի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել՝ իրենց միջև խնդիրները հարթելու և սահմանային անցակետերը Իրաքի կառավարական բանակի վերահսկողությանը հանձնելու հարցը քննարկելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *