Հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարին հայտարարել է, որ Սիրիան Թուրքիայի ռազմական ներկայությունը Իդլիբում համարում է ագրեսիա և օկուպացիա: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ամենակարևորը, որ մենք տեսնում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունն է Իդլիբում: Դա ագրեսիա է և օկուպացիա է:…Հաշվի առնելով այն, որ Թուրքիան չի հետևում ռեժիմի [հրադադարի – խմբ.՝ Razm.info-ի] պահպանման վերաբերյալ իր պարտականություններին, որը համաձայնեցվել է երաշխավոր երկրների կողմից… մենք այս փուլում բարձրացրել ենք այդ հարցը երաշխավոր երկրների շրջանում՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի: Ռուսաստանն ու Իրանը հաստատել են, որ բոլոր երաշխավոր երկրները պետք է հետևեն իրենց պարտականություններին», – հայտարարել է Ջաաֆարին:
Նա նաև նշել է, որ առհասարակ Սիրիայի իշխանությունները օկուպացիա են համարում ցանկացած երկրի ռազմական ներկայությունը Սիրիայում, որը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ և այս համատեքստում սիրիական կողմը օկուպացիա է համարում նաև ԱՄՆ ԶՈւ ստորաբաժանումների ներկայությունը:
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տեղեկության համաձայն՝ ներկայում Թուրքիայի ԶՈւ մոտ 150 զինծառայող է տեղակայված Սիրիայի Իդլիբ նահանգում, ևս 20 միավոր զրահափոխադրիչ: Թուրքական աղբյուրը նշում է, որ Աստանայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև «ձեռք բերված համաձայնության» շրջանակներում Թուրքիայի զինուժը շարունակելու է դիտակետեր կառուցել Իդլիբի տարածքում, ներկայում այնտեղ գործում է 2 դիտակետ, ևս 12-ը կառուցվել է առաջիկա ժամանակահատվածում:
Նշենք, որ հոկտեմբերի 30-31-ի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը: Սիրիայի զինված ընդդիմությունից հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնվել են Դամասկոսից հարավ ևս մեկ «ոչ բախումային գոտի» ստեղծել: Բանակցությունների ընթացքում քննարկել է նաև բանտարկյալների փոխանակելու հարցը, ինչի շուրջ կողմերը համաձայնության չեն եկել: Քննարկվել է նաև Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի հրավիրման հարցը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը ներխուժել է Սիրիայի տարածք և տեղակայվել Իդլիբ նահանգում հոկտեմբերի 12-ին: Թուրքիայի զինուժը և նրան աջակցող խմբավորումները նաև վերահսկում են Սիրիայի հյուսիսում Ջերաբլուսից-Ազեզ ընկած հատվածը: