Կանխվել է «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձի մուտքը Հայաստան. «Առավոտ»

Շուրջ 10 օր առաջ ՀՀ ուժայինները կանխել են օտարերկրյա քաղաքացու մուտքը Հայաստան, ով կասկածվում է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կառույցի հետ կապ ունենալու մեջ: Հայտնում է «Առավոտ» օրաթերթի կայքը՝ նշելով, որ տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ԱԱԾ-ն:

Ըստ օրաթերթի՝ իրենք վստահելի աղբյուրներից տեղեկություն են ստացել, որ օտարերկրյա քաղաքացու Հայաստան մուտքը կանխելու նպատակով «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն է իրականացվել:

Կայքից մանրամասները պարզելու համար դիմել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ, համաձայն լրատվակայքի տեղեկության, հաստատել են՝ նշելով՝

«ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հավելենք, որ Հարավային Կովկասում իսլամիստների ներթափանցման, տարածման տեսանկյունից հատկապես խոցելի են համարվում Վրաստանը և Ադրբեջանը: Ադրբեջանից ամենամեծ թվով ահաբեկիչներն են կռվում Սիրիայում և Իրաքում: Հայաստանը, լինելով ոչ իսլամադավան պետություն, անհամեմատ ավելի քիչ ռիսկեր է պարունակում այս տեսանկյունից: Մինչ օրս նմանատիպ դեպքեր չէին գրանցվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *