Գերմանիան վերսկսել է մարզել քրդական «Փեշմերգա» ջոկատներին

Հոկտեմբերի 22-ին Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ մեկ շաբաթյա դադարից հետո վերսկսել է մարզել Իրաքյան Քրդստանի «Փեշմերգա» զորաջոկատներին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը:

Գերմանիայի զինուժը մարզում է քրդական «Փեշմերգա» զորաջոկատներին

Գերմանիայի զինուժը մարզում է քրդական «Փեշմերգա» զորաջոկատներին

Գերմանիայի բանակը արդեն երեք տարի է մարզում և զենք է մատակարարում քրդական զորաջոկատներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:

Ըստ գերմանական աղբյուրի՝ Գերմանիան «Փեշմերգային» 2014-ից սկսած ուղարկել է 32000 ավտոմատ, գնդացիր, ինչպես նաև ֆրանս-գերմանական համատեղ արտադրության «Միլան» (Milan) հակատանկային հրթիռային համակարգեր: Բացի այդ, Գերմանիայի ԶՈւ մոտ 150 զինծառայող գտնվում է Իրաքի հյուսիսում, որտեղ մարզում է քրդական ջոկատներին:

Նշենք, որ Իրաքի կառավարական բանակը հայտարարել է, որ քրդական զորաջոկատները կառավարական ուժերի դեմ կիրառել են «Միլան» հակատանկային հրթիռային համակարգ: Քրդական կողմն էլ իր հերթին հայտնել է, որ Քիրքուքից հյուսիս խոցել են կառավարական բանակի տանկեր, այդ թվում նաև ամերիկյան արտադրության M1 Abrams 1 տանկ:

Սրան հաջորդեց այն, որ հոկտեմբերի 18-ին գերմանական կողմը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցնում է մարզումներն ու զենքի մատակարարումները: Որպես դրա պատճառ էր նշվում «Փեշմերգայի» և Իրաքի բանակի, ինչպես նաև նրանց աջակցող շիայական զորաջոկատների միջև ռազմական բախումները:

Ներկայում Իրաքի կառավարական բանակի վերահսկողության ներքո են անցել այն բնակավայրերը, որոնք «Փեշմերգան» գրավել էր 2014-ին, այդ թվում նաև նավթային պաշարներով հարուստ Քիրքուք նահանգը, Սինջար քաղաքը և մի շարք այլ կարևոր տարածքներ:

Իրադրությունը Իրաքի հյուսիսում 2017-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ. նկարը՝ գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության

Իրադրությունը Իրաքի հյուսիսում 2017-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ. նկարը՝ գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *