Թուրքիային Ս-400-ների մատակարարման հարցը կավարտվի այս շաբաթվա ընթացքում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը այս շաբաթվա ընթացքում կավարտվի։  Փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։

«Ս-400-ների հետ կապված էլ համապատասխան անձինք անհրաժեշտ աշխատանքները անելու համար այս շաբաթվա ընթացքում հանդիպելու են և այս գործը ավարտվելու է», – հայտարարել է Էրդողանը։

Պուտինը իր հերթին հայտարարել է, որ կողմերը աշխատանքներ են տանում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար։

«Այսօրվա հանդիպման ընթացքում մենք վերջնականապես համաձայնացրել ենք վարկի տրամադրման համաձայնագիրը [Ս-400-ի համար վարկի տրամադրում – խմբ․՝ Razm.info-ի], որը հույս ունեմ՝ կստորագրվի առաջիկա օրերին», – հայտարարել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ավեի վաղ ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Ս-400 ԶՀՀ-ների մատակարարումը կսկսվի Թուրքիային վարկ տրամադրելու հարցի լուծումից հետո։

Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ հայտարարել էր, որ Ս-400-ների առաջին համալիրները ստանալու են 2019-ին։ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը: Ռուսաստանյան կողմը հայտարարում է, մատակարարումը կսկսի գումարի ամբողջական վճարումից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *