Նոյեմբերի 26-ին Ադենի ծոցում ծովահենները հարձակվել են իրանական «Caspian Harmony» առևտրային նավի վրա, սակայն այդ շրջաններում հերթապահություն իրականացնող իրանական 48-րդ նավախումբը փախուստի է մատնել ծովահեններին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերի 48-րդ նավախումբը միջազգային ջրերում հերթապահության է ուղարկվել սեպտեմբերի 2-ից։ Նավախումբը կազմված է «Ալվանդ» ականակիր նավից և «Լավան» թիկունքային ապահովման նավից։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, նավախումբը Բաբ էլ Մանդեբի նեղուցում հետ էր մղել իրանական մեկ այլ առևտրային նավի վրա ծովահենների նավերի հարձակումը։
Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։
2008 թվականից ի վեր միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելիս Իրանի նավախմբերը 250-ից ավելի բախում են ունեցել ծովահենների հետ։