Սեպտեմբերի 2-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի 48-րդ նավախումբը Պարսից ծոցի Բանդարաբաս նավահանգստից ուղևորվել է միջազգային ջրերում հերթապահության։ Նավախումբը կազմված է «Ալվանդ» ականակիր նավից և «Լավան» թիկունքային ապահովման նավից։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նավախումբը հերթապահության է ուղարկվել միջազգային ջրերում բանակի ՌԾՈւ 47-րդ նավախմբի առաքելության ավարտից հետո։
Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։
Հունիսին Իրանը միջազգային ջրերում հերթապահության էր ուղարկել բանակի ռազմածովային ուժերի 47-րդ նավախումբը՝ կազմված «Ալբորզ» հրթիռային նավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից: Հերթապահության ընթացքում նավախումբը հետևել և ուղեկցել է ավելի քան 1700 նավթային տանկերների, առևտրային նավերի, ինչպես նաև 300-ից ավելի ռազմական նավի։