Թուրքիայի Թունջելի նահանգում բախումներ են եղել PKK-ի զինյալների և ուժայինների միջև

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի կենտրոնական Թունջելի նահանգում բախումներ են եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և թուրք ուժայինների միջև: Բախումները մասնավորապես առավել ակտիվ են եղել Էրզինջան տանող ավտոճանապարհի մոտակայքում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

PKK-ի անդամները հարձակվել են Թունջելիի ժանդարմերիայի վրա. (արխիվ)

PKK-ի անդամները հարձակվել են Թունջելիի ժանդարմերիայի վրա. (արխիվ)

Ըստ աղբյուրի՝ թուրք ուժայինները PKK-ի զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով ժամանակավորապես փակել են Թունջելի-Էրզինջան ավտոճանապարհը: Բախումների ժամանակ կողմերի կորուստների մասին դեռևս տեղեկություններ հայտնի չեն:

Նշենք, որ Թուրքիայի ուժայինները քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացնում նաև երկրի հարավարևելյան Շրնաք, Սղերթ (Սիիրթ) և Մարդին նահանգներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ից սկսած Թունջելի նահանգում գործող «անվտանգության հատուկ գոտու» ռեժիմը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը: Թունջելիի նահանգապետարանը այդ որոշումը բացատրում է PKK զինյալների դեմ գործողություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այն տարածվում է վարչական կենտրոն Թունջելի քաղաքի, Օվաջըք, Փյուլյումյուր, Հոզաթ և Նազըմիյե նահանգների շուրջ 30 շրջաններում:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *