Նոյեմբերի 17-ին Իրանի Քերմանշահ նահանգում երկրաշարժից տուժածներին բուժօգնություն տրամադրելու ընթացքում սրտի կանգի պատճառով մահացել է Իրանի բանակի N520 հիվանդանոցի բուժաշխատող Մորթեզա Ղոբադին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Քերմանշահ նահանգի՝ երկրաշարժից տուժած գյուղերից մեկում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս սրտի կանգի պատճառով մահացել էր Իրանի բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Հասան Նիրփուրը։
Նոյեմբերին 12-ին Իրանի Քերմանշահ նահանգի՝ Իրաքին սահմանակից շրջաններում տեղի էր ունեցել 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Կա 400-ից ավելի զոհ, շուրջ 10000 վիրավոր։
Իրանի բանակի հրամանատարի խոսքերով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել են նաև սահմանային շրջանում տեղակայված բանակի կառույցների և քաղաքների զորամասերի «որոշ քանակի» զինծառայողներ։ Իսկ թե կոնկրետ քանի զինծառայող է զոհվել, հայտնի չէ։
Երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով ներգրավվել են նաև բանակի, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողներ, այդ կառույցների ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմական բժիշկներ։