Երկրաշարժի գոտում փրկարարական աշխատանքի ընթացքում Իրանի բանակի սպա է մահացել

Նոյեմբերի 16-ին Իրանի Քերմանշահ նահանգի՝ երկրաշարժից տուժած գյուղերից մեկում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս սրտի կանգի պատճառով մահացել է Իրանի բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Հասան Նիրփուրը։  Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

43-ամյա Հասան Նիրփուրը Իրանի բանակի ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման զինծառայող էր և նոյեմբերի 12-ի Քերմանշահի երկրաշարժից հետո աղետի գոտում ներգրավվել էր որոնողափրկարարական աշխատանքներին։

Իրանի բանակի զինծառայողները աղետի գոտում

Իրանի բանակի զինծառայողները աղետի գոտում

Հիշեցնենք, որ նոյեմբերին 12-ին Իրանի Քերմանշահ նահանգի՝ Իրաքին սահմանակից շրջաններում տեղի էր ունեցել 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Կա 400-ից ավելի զոհ, շուրջ 10000 վիրավոր։

Իրանի բանակի հրամանատարի խոսքերով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել են նաև սահմանային շրջանում տեղակայված բանակի կառույցների և քաղաքների զորամասերի «որոշ քանակի» զինծառայողներ։ Իսկ թե կոնկրետ քանի զինծառայող է զոհվել, հայտնի չէ։

Երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով ներգրավվել են նաև բանակի, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողներ, այդ կառույցների ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմական բժիշկներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *