Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ «գյուղական պահապանները» կկարողանան նախ պրոֆեսիոնալ սերժանտ դառնալ, իսկ հետագայում ենթասպա և սպա դառնալու հնարավորություն էլ կունենան: Սոյլուի հայտարարությունը փոխանցում է թուրքական T24 հեռուստաալիքի կայքը:
Նա նաև նշել է, որ գրեթե ավարտվում է 226 «գյուղական պահապանի» պրոֆեսիոնալ սերժանտ դարձնելու ուսումնամարզական գործընթացը:
«Մեր «գյուղական պահապանների» համար սպա դառնալու ճանապարհն ենք բացել: Պահապաններից պրոֆեսիոնալ սերժանտ ենք հավաքում: Հատկապես նրանք, ում տարիքը բավարարում է ուսանելու համար, սերժանտից հետո կկարողանան ենթասպա, սպա դառնալ», – հայտարարել է Սոյլուն:
Թուրքիայի ՆԳ նախարարը նաև նշել է, որ նախարարությունը ևս 39 հարվածային անօդաչու թռչող սարք է գնելու: Նա նաև նշել է, որ 2017-ի ընթացքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների գործողությունների արդյունքում «սպանվել է 42 քաղաքացիական»:
Նշենք, որ «Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են քրդական PKK-ի դեմ: Այդ զինված ստորաբաժանումները ենթարկվում են գավառի կամ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը:
«Գյուղական պահապանները» ընդունվում են ծառայության պայմանագրային սկզբունքով: Փորձագետների գնահատականով «Գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապանների» ինստիտուտը անվանափոխվել է «անվտանգության պահապանների»: