Իրաքի բանակը ազատագրել է երկրում ԻՊ վերջին հենակետ Ռավա քաղաքը

Նոյեմբերի 17-ին  Իրաքի կառավարական բանակը և բանակին աջակցող «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատները ազատագրել են երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետ Ռավա քաղաքը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Al-Sumaria արաբական հեռուստաալիքին։

Քաղաքի ազատագրման գործողությունը միացյալ զորքերը սկսել էին նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան, երեք ուղղություններով։ Ռավան համարվում էր Իրաքի վերջին քաղաքը, որ մնացել էր ԻՊ ձեռքում։

Իրաքի բանակը և «Հաշդ աշ-շաաբի» զորաջոկատը ալ-Կաիմից հարավ

Իրաքի բանակը և «Հաշդ աշ-շաաբի» զորաջոկատը ալ-Կաիմից հարավ

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին  Իրաքի կառավարական բանակը և «Հաշդ աշ Շաաբի» զորաջոկատները ազատագրել էին «Իսլամական պետության» խոշոր հենակետ Ալ-Կաիմ քաղաքը և կարողացել էին իրենց վերահսկողության տակ վերցնել դեպի Սիրիա տանող ճանապարհի և անցակետի հատվածը։

«Իսլամական պետությունը» Իրաքում կորցրել է իր վերահսկած կարևոր տարածքների մեծ մասը: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր:

ԻՊ-ն մեծ կորուստներ է կրում նաև Սիրիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *