ՀՀ զինված ուժերը արդիականացնում է իր տանկային պարկը։ Նախատեսվում է 30 տանկ արդիականացնել մինչև Տ-72Բ4 մակարդակի։ Այս մասին հայտնի է դառնում «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնի» զեկույցից, տանկերի թվաքանակը ենթադրյալ է։
Արդիականացման պայմանագիրը գնահատվում է 15 մլն դոլար, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականը։
ՌԴ ԶՈւ սպառազինությունում առկա Տ-72Բ3 տարբերակից Տ-72Բ4 արդիականացումը տարբերվում է տեխնիկական հագեցվածությամբ, առավել հզոր շարժիչով, կրակի կառավարման բարելավված համակարգով։
Հիշեցնեք, որ տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության տարեկան հաշվետվությունում նույնպես նշվում էր Հայաստանին նախկինում մատակարարված «ռազմական նշանակության արտադրանքի» արդիականացման մասին։
2016-ի դեկտեմբերին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել էր, որ տանկերի արդիականացման այն աշխատանքները, որ պետք է կատարվեն հայկական կողմի միջոցներով, արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է գործընկեր պետությունների հետ մյուս աշխատանքներին, դրանց շուրջ որոշակի աշխատանքներ են տարվում՝ վերջնական պայմանավորվածությունների համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԶՈւ տանկերի արդիականցման մասին տեղեկությունը տարածվել էր դեռևս հոկտեմբերին՝ ArmHiTec միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսից հետո։ Այն ժամանակ ռուսաստանյան «Իզվեստիյա» թերթի աղբյուրը հայտնել էր, որ արդիականացման հիմնական աշխատանքները տարվելու են Հայաստանում։