Տանկերի արդիականացման այն աշխատանքները, որ պետք է կատարվեն հայկական կողմի միջոցներով, արդեն սկսվել են: Ինչ վերաբերում է գործընկեր պետությունների հետ մյուս աշխատանքներին, դրանց շուրջ որոշակի աշխատանքներ են տարվում՝ վերջնական պայմանավորվածությունների համար: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ աշխատելը չի նշանակում, որ տանկերը տեղափոխվելու են այլ երկիր.
«Մեր ռազմավարության համաձայն՝ մենք փորձելու ենք ամեն ինչ՝ ենթակառուցվածքներով, տեխնոլոգիաներով, ներդնել մեր երկրում, որպեսզի նաև ռազմարդյունաբերական զարգացման համապատասխան ատիճանն ու մակարդակը ունենանք՝ հետագայում ավելի լուրջ ձեռքբերումների համար»:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ հայկական կողմն արդեն ունի տանկերի վերանորոգման լուրջ փորձ, որը զարմացրել է Հայաստանի գործընկերներին: Այդ փորձի հիման վրա նախատեսվում է նաև «մեծացնել, լայնացնել այդ պլատֆորմը՝ արդիականացման համապատասխան ծրագրերի համար»:
Հարցին, թե արդյո՞ք հայկական բանակի տանկերն արդիականացվելու են մինչև Տ-72Բ3 կամ Տ-72Բ4 մակարդակ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ չի կարող նշել, թե մինչև ինչ մակարդակի կլինի արդիականացումը:
«Կարող է համեմատելի լինել դրանց հետ: Կարող է լինի ինչ-որ նոր տարբերակ արդիականացման»:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հեռանկարում նախատեսում են վերանորոգել և արդիականացնել ամբողջ տանկային պարկը, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում:
«Կամաց-կամաց պիտի իրականացնենք մեր ուժերով՝ մեր դաշնակիցներից վերցնելով համապատասխան հնարավորություններ, տեխնոլոգիաներ, փաստաթղթեր և այլն»:
Տանկերի արդիականացման գործում առաջնահերթ գործընկերը Ռուսաստանն է՝ որպես տանկերն արտադրող երկիր, սակայն ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի՝ աշխատանքներ են տարվում նաև Բելառուսի հետ, քանի որ հենց այս երկիրն է մատակարարում Ռուսաստանի ամենաարդիական տանկերի նշանոցային համակարգերը և այլն:
Տանկերից բացի, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ծրագրվում է կատարելագործման աշխատանքներ տանել ամբողջ զրահատեխնիկայի հետ, քանի որ այստեղ նույնպես հայկական ռազմարդյունաբերությունը կուտակած փորձ ունի:
Հիշեցնենք, որ հայկական բանակի տանկերի՝ Հայաստանում արդիականացման աշխատանքների մասին տեղեկություններ էին տարածվել դեռևս հոկտեմբերին՝ Հայաստանում անցկացված ArmHiTec ռազմարդյունաբերական ցուցահանդեսից հետո: