Դեկտեմբերի 3-ին Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ռազմածովային ուժերի Սու-33 կործանիչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հայտնում է Theaviationist.com կայքը:
[Լրացում] Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը (մանրամասն ստորև):
Կործանիչի օդաչուն փրկվել է՝ կատապուլտի միջոցով:
Համաձայն աղբյուրի՝ ինքնաթիռը կործանվել է ավիակրի վրա վայրէջք կատարելու 2-րդ փորձի ժամանակ: Եղանակային պայմանները բարենպաստ են եղել՝ տեսանելիությունը 10 կմ, քամու արագությունը 20 կմ/ժ, ինչից կարելի է եզարակացնել, որ կործանման պատճառը եղանակը չի եղել:
Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանումը: Հաղորդագրության մեջ նշված է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը չի կարողացել «կառչել արգելակող պարանից», ինչի հետևանքով շարունակել է ընթացքը և ցած ընկել ավիակրի տախտակամածից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել:
Նշենք, որ ըստ հաստիքի՝ ավիակրի վրա նախատեսված է ունենալ 14 միավոր Սու-33 կործանիչ, 14 միավոր ՄիԳ-29 / ՄիԳ-29-ԿՈւԲ կործանիչ: Սրանցից արդեն երկուսը՝ յուրաքանչյուրից մեկական, կործանվել է Միջերկրական ծովում ավիակրի գործողությունների ընթացքում:
Pingback: Ռուսաստանյան «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռները կարող են տեղափոխվել Հմեյմիմ | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը վերադառնալու է կայանման վայր | Ռազմ.info