ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենքի նախագիծը, որով ՀՀ և այլ երկրների միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Օրինագիծն ընդունվել է 86 կողմ, 0 ձեռնպահ և դեմ ձայներով:
Օրենքի նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է հոկտեմբերի 6-ին:
Այսպիսով՝ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ ԶՈւ համար Հայաստան բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Օրենքի նախագծում նշվում էր, որ ՌԴ կառավարության Հայաստանին տրամադրած 200 մլն ԱՄՆ դոլարի արտահանման վարկի ու ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի գծով արտոնություններ սահմանված չեն:
Ըստ այդմ՝ հաշվի առնելով Հայաստանի զինված ուժերի համար ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման անհրաժեշտությունը և կարևորությունը՝ խնդիր է առաջանում համապատասխան իրավական դաշտի ապահովման տեսանկյունից Հայաստանի արտադրանքի ներմուծման նկատմամբ ավելացված արժեքի հարկի գծով արտոնության տրամադրման համար:
Հայաստանը Ռուսաստանի հետ զենքի գնման համար 200 մլն դոլարի վարկի համաձայնագիր է կնքել 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է: Այդ համաձայնագրով՝ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա:
Ռուսաստանի 200 մլն դոլարի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։
Նշենք, որ համանման ևս մի համաձայնագրի մասին հայտնի է դարձել 2017-ի հոկտեմբերին: Համաձայնագրով՝ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից զենքի գնումների համար ևս 100 մլն դոլարի վարկ վերցնել: