Սիրիայում գործում է ԱՄՆ ԶՈւ մոտ 500 զինծառայող. ամերիկացի պաշտոնյա

Սիրիայի տարածքում ներկայում գործում է Միացյալ Նահանգների զինված ուժերի 503 զինծառայող, իսկ Իրաքում տեղակայված է 5262 ամերիկացի զինծառայող: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի աշխատակազմի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Քեննեթ Մակքենզին: 

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Մակքենզին նաև նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է և կշարունակի մնալ որպես սպառնալիք, այն սպառնալիք է հատկապես Իրաքի և Սիրիայի համար: Ըստ նրա՝ ամերիկացի զինծառայողների հիմանական նպատակը Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ կռվելն է:

Գեներալ-լեյտենանտը, նաև անդրադառնալով Աֆղանստանում գտնվող ԱՄՆ ԶՈւ զինծառաողների թվաքանակին, նշել է, որ նոր զորքերի տեղակայմամբ զորքերի թիվը Աֆղանստանում հասել է 14000-ի, մինչ այդ գործում էր 11000 զինծառայող: 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան զինուժի նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետությանը» և, որ ԱՄՆ-ն չի ձգտում ռազմական բախումների գնալ Սիրիայի կառավարական բանակի և նրանց աջակցող ուժերի հետ:

Նշենք, որ ԱՄՆ հատկապես մեծ օգնություն է ցուցաբերում արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը: Այս խմբավորումը այս տարվա հոկտեմբերի 17-ին, շուրջ 5 ամսվա մարտերից հետո, ԱՄՆ աջակցությամբ կարողացել է վերահսկողություն հաստատել «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետերից Ռաքքա քաղաքի վրա:

Նշենք, որ սիրիական կողմը չի ընդունում ամերիկյան զորքերի ներկայությունը Սիրիայում: Սիրիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք օկուպանտ են համարում այն երկրների զինված ուժերին, որոնք գործում են երկրի տարածքում առանց պաշտոնական Դամասկոսի հետ համաձայնության: Ըստ Սիրիայի իշխանությունների Ռաքքան շարունակվում է օկուպացված մնալ ԱՄՆ-ի և նրանց աջակցությամբ գործող արաբա-քրդական  ուժերի կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *