Սիրիայի Դեր Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների դեմ մղած մարտերում զոհվել է «Ֆաթեմյուն» ջոկատի իրանցի զինծառայող Մահմուդ Թաղիփուրը։ Նույն նահանգի Աբու Քեմալ քաղաքում սպանվել է նաև իրանցի զինծառայող Հաբիբ Բադավին: Այս մասին նոյեմբերի 12-ին և 13-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը (1, 2)։
Մահմուդ Թաղիփուրը եղել է Իրանի Ղոմ քաղաքից, Հաբիբ Բադավին՝ Ահվազ քաղաքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թեհրանում մահացել էր Սիրիայի Իդլիբ քաղաքում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայող Վահիդ Ֆարհանգին։
Նշենք, որ Սիրիայում Իրանի աջակցությամբ կռվում են գլխավորապես աֆղանցիներից կազմված «Ֆաթեմյուն» և պակիստանցիներից կազմված «Զեյնաբիունի» ջոկատները։
«Ֆաթեմյունի» ջոկատը կազմավորվել է 2014-ին, հիմնականում Իրան ներգաղթած աֆղանցիներից։ Ջոկատի զինծառայողների հստակ թվաքանակ հայտնի չէ։ Ըստ Wall Street Journal պարբերականի՝ աֆղանցիներին Իրանը ամսական 500 ԱՄՆ դոլար է վճարում։
Ավելի վաղ Իրանի բանակի արդեն նախկին փոխհրամանատար Ահմադռեզա Փուրդասթանը հայտնել էր, որ բանակի 65-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողները, ովքեր որպես խորհրդականներ ուղարկվել էին Սիրիա, ձևավորել են «Մալեք Աշթար» կոչվող բրիգադը։ Բրիգադի զինծառայողները «Ֆաթեմյուն» ջոկատից են, իսկ հրամանատարները հենց 65-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողներն են։
Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը, և չնայած Սիրիայում պարբերաբար Իրանի կողմից հովանավորվող ջոկատների մարտիկներ և Իրանի ԶՈւ զինծառայողներ են զոհվում՝ այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ և Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։