Նոյեմբերի 15-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Ալաշկերտ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրք ուժայինների բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 սերժանտ: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Սերժանտը նախ վիրավորվել է և տեղափոխվել Աղրըի նահանգային հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է: Ուժայինները Ալաշկերտ գավառում քուրդ զինյալների դեմ գործողություններ են իրականացնում: Գործողություններին ներգրավված են նաև ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ նոյեմբերի 3-9-ը թուրք-քրդական բախումներում սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել 15-ը, «վնասազերծվել է» 115 քուրդ զինյալ:
Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Դրանք ընթանում են հիմնականում Թուրքիայի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ նահանգներում: Այս ժամանակահատվածում առավել ակտիվ բախումներ են եղել 2015-ի ամառ – 2016-ի ձմեռ ընկած ժամանակահատվածում, երբ քուրդ զինյալները քաղաքներում բավականին լուրջ դիմադրություն էին ցույց տալիս:
Բախումների հետևանքով շատ են նաև նյութական վնասները. մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: