Իրանի բանակի ցամաքային ուժերը շարունակում է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարական բանակին։ Ցամաքային ուժերից բացի իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև օդային ուժերը։ Նման պնդում ներկայացրել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը։Փոխանցում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Ըստ Փուրդասթանի՝ օդային աջակցությունը չի նշանակում կործանիչների կիրառում, այլ այն, որ իրանական Boeing-747 և C-130 ինքնաթիռներով առաջին օգնության պարագաներ են հասցվել սիրիական գյուղեր։
Փուրդասթանի խոսքերով՝ խորհրդականներից բացի Սիրիա են ուղարկել նաև ինժեներներ՝ Սիրիայի բանակի տանկերը վերանորոգելու համար։
Փուրդասթանը հավելել է նաև, որ բանակի 65-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողները, որ որպես խորհրդականներ ուղարկվել էին Սիրիա, ձևավորել են «Մալեք Աշթար» կոչվող բրիգադը։ Բրիգադի զինծառայողները աֆղանցիներից կազմված «Ֆաթեմյուն» զորաջոկատից են, իսկ հրամանատարները հենց 65-րդ օդադեսանտային բրիգադի զինծառայողներն են։
Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը, և չնայած Սիրիայում պարբերաբար Իրանի կողմից հովանավորվող ջոկատների մարտիկներ և Իրանի ԶՈւ զինծառայողներ են զոհվում՝ այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։
Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ: