Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը կրկին գիշերային վարժանքներ են արել թուրք-իրաքյան սահմանին

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները երրորդ անգամ գիշերային վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքյան Քրդստանին սահմանակից տարածքներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի զինուժը շարունակում է վարժանքները թուրք-իրաքյան սահմանին

Թուրքիայի և Իրաքի զինուժը շարունակում է վարժանքները թուրք-իրաքյան սահմանին

Թուրքական կողմից վարժանքները ղեկավարում են Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի 7-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սինան Յայլան և 2-րդ բանակի 4-րդ կորպուսի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ահմեթ Քուրումահմութը: Նշենք, որ 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում, շտաբը գտնվում է Մալաթիայում:

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը սեպտեմբերի 26-ից համատեղ վարժանքներ են սկսել Թուրքիայի հարավարևելյան Շրանք նահանգի Սիլոփի գավառում՝ Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում:

Սրան զուգահեռ, Իրաքի հետ սահմանային Փարվիզխանի անցակետի շրջանում Իրանի զինված ուժերը զորավարժություն են անցկացնում, որին ներգրավվել են նաև Իրաքի ԶՈւ ստորաբաժանումներ:

Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը և սպառնացել են դիմել մի շարք միջոցների, այդ թվում նաև ռազմական գործողությունների: Իրաքյան Քրդստանի անկախացման հարցը քննարկելու համար հոկտեմբերի 2-ին Իրան է մեկնել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը: Մինչ այդ՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիա էր մեկնել Իրաքի ԶՈւ ԳՇ պետը, իսկ օգոստոսին Թուրքիա էր այցելել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *