Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի զինված ուժերի՝ Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում անցկացվող զորավարժության 3-րդ փուլում ներգրավվել են նաև Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Ըստ հաղորդագրության՝ զորավարժությանը մասնակցելու նպատակով Իրաքի ԶՈւ զինծառայողները սեպտեմբերի 25-ին ժամանել են Թուրքիա:
Թուրքիայի զինուժի զորավարժությունը սկսվել է սեպտեմբերի 18-ին: Զորավարժությանը ներգրավվել է Թուրքիայի ԶՈւ ավելի քան 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև տանկեր, հաուբիցներ, հրթիռային կայաններ: Բացի այդ, վարժանքներին ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր:
Սեպտեմբերի 23-ին Թուրքիա է ժամանել նաև Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին և հանդիպել է թուրք գործընկերոջը՝ բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվող անկախության հանրաքվեն:
Վարժանքներն անցկացվում են անմիջապես Իրաքի քրդական ինքնավարության ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններին սահմանկից տարածքում: Հիշեցնենք, որ Իրաքյան Քրդստանի անկախությանը դեմ են ինչպես Թուրքիան և Իրաք, այնպես էլ Իրանը:
Սեպտեմբերի 24-ից Իրաքյան Քրդստանին սահմանակից շրջաններում զորավարժություն է անցկացնում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ու բանակը:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկողների մոտ 93 տոկոսը կողմ է քվեարկել Իրաքյան Քրդստանի անկախացմանը: