Օգոստոսի 10-ին սիրիա-իրաքյան սահմանին ահաբեկիչների դեմ մղած մարտերում զոհվել է իրանցի զինծառայող Մոստաֆա Մոհամադին։ Մոհամադին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Գոլեսթան նահանգում տղակայված 45-րդ ինժեներական դիվիզիայի պահեստազորի զինծառայող էր։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Մոհամադին 2016 թվականից մի քանի անգամ «կամավոր մեկնել է Սիրիա»։
Ավելի վաղ իրանա-իրաքյան սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գերեվարել և սպանել էին ԻՀՊԿ զինծառայող Մոսեն Հոջաջին։ Զինծառայողի սպանությունը մեծ արձագանք գտավ իրանական լրատվական դաշտում։ Իսկ իրանցի մի շարք բարձրաստիճան զինվորականներ խոստացան վրեժ լուծել Հոջաջիի սպանության համար։
Իրանը համարվում է Իրաքի և Սիրիայի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, բայց իրանական կոմղը մշտապես հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այս երկրներում և իր օգնությունը որակում է որպես «խորհրդատվական»։ Իսկ Սիրիայում և Իրաքում զոհվող իրանցի մարտիկները, ըստ Իրանի, կամավորներ են։
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ԻՊ դեմ պայքարի շրջանակներում «Իրանը հոգացել է Սիրիայի կարիքները»։
Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։
Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։