Իրանը սպառազինություն է մատակարարել Իրաքին` ԻՊ դեմ պայքարի համար. Ռոհանի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած պայքարում Իրանը աջակցել է Իրաքին՝ սպառազինություն մատակարարելով Իրաքին։ Այս մասին հուլիսի 11-ին  հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Փոխանցում է BBC Farsi լրատվական գործակալությունը։

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը, (արխիվ)

Ըստ Ռոհանիի՝ Իրանը օգնել է Իրաքին անգամ այն պայմաններում, երբ գտնվում էր ծանր պատժամիջոցների տակ։

«Երբ մենք ասում ենք՝ օգնել ենք Իրաքի ժողովրդին, ոմանք առաջին հերթին մարդկային զոհաբերությունն են հասկանում: Դա կա, ճիշտ է, ոմանք զոհել են իրենց, և մենք պետք է գնահատենք նրանց, սակայն այդ մարդկանց զենքերը ո՞վ էր ապահովում։ Երբ Իրաքը «Իսլամական պետության» դեմ էր պայքարում, այդ ո՞վ էր պատժամիջոցների առկայության պայմաններում զենք մատակարարում։

Ռոհանիի հայտարարության համաձայն՝ «Իրանը նաև հոգացել է Սիրիայի կարիքները»։

Իրաքին զենքով ապահովելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Հիշեցնենք, որ 2014-ին  «Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ 2013-ի նոյեմբերի վերջին  Իրանը և Իրաքը սպառազինության մատակարարման մասին 8 պայմանագիր են կնքվել: Պայմանագրերի արժեքը 195 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվում։ Սակայն Իրանը հերքել էր այս լուրը։

Այնուամենայնիվ, չնայած Իրանի հերքումներին և պաշտոնական տվյալների սակավությանը՝ լրատվամիջոցներում մշտապես հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևացել են, թե ինչպես են  իրաքցի և սիրիացի զինծառայողները օգտագործում  իրանական արտադրության տարբեր զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքեր, դիպուկահար հրացաններ, զրահամեքենաներ և այլն։

Իրանը համարվում է Իրաքի և Սիրիայի դաշնակիցը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Սակայն Իրանը մշտապես հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այս երկրներում և իր օգնությունը որակում է որպես «խորհրդատվական»։ Իսկ Սիրիայում և Իրաքում զոհվող իրանցի մարտիկները, ըստ Իրանի, կամավորներ են։

Իրանական արտադրության դիպուկահար հրացանը իրաքի զինծառայողի ձեռքում

Իրանական արտադրության դիպուկահար հրացանը Իրաքի զինծառայողի ձեռքում

Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *