Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը քննարկում է Ուկրաինային զենքի վաճառքի հարցը: Նա նշել է մասնավորապես պաշտպանական նշանակության զենքերի վաճառքի հնարավորության մասին՝ շեշտելով հակատանկային սպառազինության հնարավոր վաճառքը: Այս մասին Վոլկերը հայտնել է BBC -ին տված հարցազրույցում:

Ծաղրանկար՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայքարում են Ուկրաինայի համար. Աղբյուրը
Վոլկերը մասնավորապես նշել է, որ հնարավոր վաճառվելիք զենքը կարող է կանգնեցնել Ռուսաստանի սպառնալիքը Ուկրաինային.
«Պաշտպանական զենքեր, այնպիսի, որ կարող է Ուկրաինային թույլ տալ ինքնապաշտպանվել, և, որպես օրինակ, շարքից հանել տանկերը, կարող է իրապես օգնել»:
Սակայն ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն ավելացրել է, որ այս հարցը դեռևս հետագա քննարկումների կարիք ունի, և ինքը չի կարող գուշակել, թե երբ դաք կլինի:
Նշենք, որ ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամի ընթացքում այդ երկրին օգնում է մարզումներով, մատակարարում է ոչ մահացու սպառազինություն: Մասնավորապես 2015 թ. մարտին ամերիյան կողմը հայտնել էր, որ մտադիր է օգնել Ուկրաինայի կառավարական ուժերին՝ նրանց տրամադրելով ընդհանուր առմամբ 75 մլն ամերիկյան դոլարի ոչ մահացու սպառազինություն:
Հետագայում ԱՄՆ-ն ուկրաինական կողմին մատակարարել է զրահամեքենաներ, հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշման կայաններ: