Հուլիսի 18-ին Ուկրաինայի Օդեսսա են հասել ամերիկյան 100 միավոր HMMWV տեսակի զրամեքենաները (ռազմական «Համմեր»)։ Կան նաև Ուկրաինային մատակարարված զրահամեքենաների լուսանկարները։ Այս մասին Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը հուլիսի 18-ին գրառում է կատարել թվիթերյան միկրաբլոգի իր էջում։
Նշենք, որ մեքենաների տրամադրման մասին Միացյալ Նահանգները խոստացել էր մարտի կեսերին: Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մտադիր է օգնել Ուկրաինայի կառավարական ուժերին՝ նրանց տրամադրելով ընդհանուր առմամբ 75 մլն ամերիկյան դոլարի ոչ մահացու սպառազինություն:
Տրամադրվող օգնության մեջ մտնում են ամերիկյան արտադրության RQ-11 Raven հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), 30 միավոր զրահապատ և ևս մոտ 200 միավոր ոչ զրահապատ HMMWV (Humvee, «Համվի») մեքենաներ, հակաականանետային ռադարներ, գիշերային դիտասարքեր, առաջին օգնության պարագաներ:
Հիշեցնենք, որ Ուկրաինական ուժայիններն առաջին 10 միավոր HMMWV (Humvee) ռազմական զրահապատ մեքենաները ստացել են դեռևս 2015-ի մարտի 25-ին: Դրանք Ուկրաինա են հասցվել ԱՄՆ օդուժի բեռնատար ինքնաթիռով: Նույն ամսում ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել էր ևս 20 միավոր զրահամեքենա։
Հավելենք, որ չնայած զրահամեքենաները համարվում են ոչ մահաբեր զենք, սակայն վերջիններս զրահապատ են և հեշտությամբ կարող են վերածվել մարտական մեքենայի։ Այսպես՝ առաջին զրահամեքենաները ստանալուց հետո Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը հայտնել էր, որ ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերության ստորաբաժանումներից մեկի մասնագետները Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից ստացած «Սաքսոն» և «Համվի» զրահամեքենաների վրա տեղադրել են սպառազինություն և ներկայացրել ուժայիններին
HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle – Բարձր շարժունակությամբ բազմանպատակային անվավոր մեքենա) թեթև զրահավորված մեքենաները, որոնք արտադրում է ամերիկյան AM General ընկերությունը, նախատեսված են հետախուզական կամ բարձր շարժունակությամբ (արագ արձագանքման) ստորաբաժանումների համար։ 2,6 տոննա զանգվածով մեքենաները կարող են տեղափոխել մինչև 2 տոննա բեռ, այդ թվում՝ նաև սպառազինություն։
1985-ից արտադրվող մեքենաներն ունեն մի շարք արդիականացումներ, որոնց վրա տեղադրված է տարբեր տեսակի սպառազինություն։ Զրահապատ մեքենաների միջին գինը շուրջ 140 հազար ամերիկյան դոլար է։ Մեծ կամ փոքր քանակությամբ այս մեքենաներից առկա է աշխարհի մոտ 70 երկրների զինված ուժերում։