ԱՄՆ-ն հետախուզական անօդաչու թռչող սարքեր ու զրահամեքենաներ է տրամադրելու Ուկրաինային

Միացյալ Նահանգները մտադիր է օգնել Ուկրաինայի կառավարական ուժերին՝ նրանց տրամադրելով ընդհանուր առմամբ 75 մլն ամերիկյան դոլարի ոչ մահացու սպառազինություն: Այս մասին տեղեկացնումէ ամերիկյան Defense News լրատվական կայքը:

Տրամադրվող օգնության մեջ մտնում են ամերիկյան արտադրության RQ-11 Raven հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), 30 միավոր զրահապատ և ևս մոտ 200 միավոր ոչ զրահապատ HMMWV (Humvee, «Համվի») մեքենաներ, հակաականանետային ռադարներ, գիշերային դիտասարքեր, առաջին օգնության պարագաներ: Հայտնի չէ, սակայն, դրանց մատակարարման ժամկետը:

Ամերիկյան բանակի զինծառայողը հավաքում է RQ-11 Raven հետախուզական ԱԹՍ-ն: Հետին պլանում ամերիկյան բանակի HMMWV («Համվի») թեթև զրահապատ մեքենան է:

Ամերիկյան բանակի զինծառայողը հավաքում է RQ-11 Raven հետախուզական ԱԹՍ-ն: Հետին պլանում ամերիկյան բանակի HMMWV («Համվի») թեթև զրահապատ մեքենան է:

Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի մատակարարում մահացու զինատեսակներ, քանի որ դա նման օգնությունը կավելացներ արյունահեղությունը տարածաշրջանում:

Հատկանշական է, որ ռազմական օգնության տրամադրման մասին հաղորդումը համընկնում է ԱՄՆ-ի վերջին հայտարարությունների հետ, որոնց համաձայն՝ Ռուսաստանը հազարավոր զինծառայողներ է ուղարկում Ուկրաինայի արևելք՝ այնտեղ շարունակվող ապստամբությանը մասնակցելու, թեև պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է իր զինծառայողների մասնակցությունն Ուկրաինայի արևելքի հակամարտությանը:

Նշենք, որ փետրվարի վերջին Ուկրաինայի կառավարական ուժերին օգնելու պատրաստության մասին հայտնել էր նաև Մեծ Բրիտանիան: Երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Բրիտանիան ուկրաինական բանակի մարզումների համար Ուկրաինա է ուղարկելու 75 ռազմական հրահանգիչ։ Նա նշել էր, որ բրիտանացի զինվորականները Ուկրաինա կուղարկվեն 2015-ի մարտին և, որպես ռազմական խորհրդատուներ ու մարզիչներ, կզբաղվեն ուկրաինական զորքերի պատրաստությամբ՝ ներառյալ հետախուզական, թիկունքային ապահովման, բուժօգնության, բացի այդ՝ հետևակի առանձին մարզումներով ու հրահանգավորմամբ:

Քեմերոնն ընդգծել էր, որ բրիտանացի զինվորականները կտեղակայվեն հակամարտող կողմերի շփման գծից հեռու և չեն մասնակցի ռազմական գործողություններին: Հրահանգիչների ուղարկումը նախատեսված էր իրականացնել մարտի կեսերին:

Հիշեցենք, որ Մինսկում փետրվարի 11-12-ը տևած բանակցություններին արդյունքում Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիրի Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն համաձայնության էին եկել հաստատել  հրադադար, որն ուժի մեջ էր մտնելու փետրվարի 15-ին ժամը 00:00-ին:

Համաձայն այս որոշման՝ հակամարտող կողմերը՝ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունն ու ապստամբական ուժերը, զինադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո  դադարեցնեին կրակն ու զորքերի շփման գծից հետ քաշեին խոշոր սպառազինությունը, սակայն հարադադարի ուժի մեջ մտնելու օրը ռազմական գործողությունները ոչ միայն չդադարեցին, այլև ծանր մարտեր ծավալվեցին Դեբալցևոյում:

Ավելացնենք, որ ԱՄՆ-ի կողմի մատակարարվող օգնության մեջ մտնող RQ-11 Raven փոքր անօդաչու թռչող սարքը ամերիկյան AeroVironment ընկերության արտադրանքն է: Նախատեսված է հետախուզական աշխատանքի համար ու կարող է կրել օպտիկաէլեկտրոնային կամ ինֆրակարմիր (գիշերային դիտման) տեսախցիկներ: ԱԹՍ-ի զանգվածը 1,7կգ է, թռիչքի տևողությունը 45-ից 60 րոպե, կարողանում է հետախուզություն կատարել մինչև 10կմ հեռավորության վրա: Սարքի մոտավոր գինը 117 հազար ամերիկյան դոլար է (ներառյալ պահեստամասերն ու կիրառող անձնակազմի ուսուցումը): Raven անօդաչու թռչող սարքը աշխարհում ամենաշատ արտադրված ռազմական ԱԹՍ-ներից է, մինչև հիմա դրանից արտադրվել է ավելի քան 5000 հատ: Անօդաչու թռչող սարքից իրենց զինված ուժերի սպառազինության մեջ ունեն մոտ 10 երկրներ, որոնցից են ՆԱՏՕ-ի անդամներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, ինչպես նաև Իրաքը, Պակիստանը և այլ երկրներ:

Մատակարարվող ոչ մահացու սպառազինության մեջ մտնող HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle – Բարձր շարժունակությամբ բազմանպատակային անվավոր մեքենա) թեթև զրահավորված մեքենաները, որոնք արտադրում է ամերիկյան AM General ընկերությունը, նույնպես նախատեսված են հետախուզական կամ բարձր շարժունակությամբ (արագ արձագանքման) ստորաբաժանումների համար։ 2,6 տոննա զանգվածով մեքենաները կարող են տեղափոխել մինչև 2 տոննա բեռ, այդ թվում՝ նաև սպառազինություն։

1985-ից արտադրվող մեքենաներն ունեն մի շարք արդիականացումներ, որոնց վրա տեղադրված է տարբեր տեսակի սպառազինություն։ Զրահապատ մեքենաների միջին գինը շուրջ 140 հազար ամերիկյան դոլար է։ Մեծ կամ փոքր քանակությամբ այս մեքենաներից առկա է աշխարհի մոտ 70 երկրների զինված ուժերում։

3 responses to “ԱՄՆ-ն հետախուզական անօդաչու թռչող սարքեր ու զրահամեքենաներ է տրամադրելու Ուկրաինային

  1. Pingback: ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինա մատակարարել խոստացված ռազմական օգնությունը | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն ուկրաինական բանակին փոխանցել է 23 մլն դոլարի օգնություն | Ռազմ.info

  3. Pingback: Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարը ԱՄՆ նախագահին հրահրել է պատերազմի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *