Նոյեմբերի 14-ին ԱՄՆ օդուժի բեռնատար Boeing С-17А ինքնաթիռը Ուկրաինայի Լվովի օդանավակայան է առաքել ամերիկյան 2 միավոր AN/TPQ-36 ռադիոտեղորոշման կայան՝ նախատեսված հրետանային կրակի հետախուզման համար։ Իրադարձությանը ներկա է եղել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այս մասին հայտնում է Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության ռուսաստանյան կենտրոնի ոչ պաշտոնական bmpd բլոգը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հրամանագիր, որով ամերիկյան բանակը 20 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական աջակցություն պետք է ցուցաբերեր Ուկրաինային, որի շրջանակներում էլ և առաքվել են AN/TPQ-36 ՌՏԿ-ները։
Բլոգը տեղեկացնում է, որ նախքան ՌՏԿ-ների Ուկրաինա առաքումը, ամերիկյան կողմը որոշակի փոփոխություններ է կատարել դրանցում՝ սահմանափակելով կայանների կարողությունները։ Ձևափոխումն արվել է, որպեսզի կայանները հնարավոր լինի օգտագործել միայն պաշտպանական նպատակներով։ Դա ենթադրում է, որ կայանները չեն կարողանա հաշվարկել և ներկայացնել ՌԴ-ի տարածքից «աշխատող» հրետանային միջոցների կոորդինատները։ Ենթադրվում ա, որ այս կերպ ԱՄՆ-ի մատակարարած ՌՏԿ-ները լրացուցիչ խթան չեն հանդիսանա ռուս-ուկրաինական զինված հակամարտության թեժացմանը։
Նշենք, որ ի սկզբանե ԱՄՆ բանակը նախատեսել էր Ուկրաինա առաքել ընդհանուր առմամբ 6 միավոր AN / TPQ-36 ռադիոտեղորոշման կայան։ ԱՄՆ բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ եթե ուկրաինացիները կարողանան արդյունավետ է օգտագործել մատակարարված 2 միավոր ՌՏԿ-ները, ապա, շատ հնարավոր է, որ Վաշինգթոնը Կիևին մատակարարի ևս 4 կայան։
Նշենք, որ վերոնշյալ ՌՏԿ-ները հակառակորդի վարած հրետանային կրակը կարող են արձանագրել մինչև 15 կմ հեռավորության վրա, համազարկային կրակի ռեակտի կայանների կրակը՝ մինչև 24, իսկ ականանետերինը՝ մինչև 18 կմ հեռավորության վրա։