Իրաքի ՆԳ նախարարությունը հերքել է ալ-Բաղդադիի մահվան լուրերը

Իրաքի ՆԳՆ հետախուզության և հակաահաբեկչական ծառայության ղեկավար Աբու Ալի Բասրին հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ նա ողջ է և գտնվում է Սիրիայում։ Այս մասին հուլիսի 16-ին  տեղեկացնում է արաբական «ալ-Արաբիա» հեռուստաալիքի կայքը։

Ալ-Բաղդադիի մահվան լուրերը հերքել է նաև  Իրաքյան Քրդստանի  հետախուզության և հակաահաբեկչական ծառայության ղեկավար Լահուր Թալաբանին։ Հուլիսի 17-ին «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «99 տոկոս հավանականությամբ ալ-Բաղդադին ողջ է»։

ԻՊ առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին

ԻՊ առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին

Ավելի վաղ Al-Sumaria հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հաստատել են  ալ-Բաղդադիի մահվան մասին լուրերը՝ առանց մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու։

Մինչ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հավանականություն կա, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածից սպանվել է Աբու Բաքր ալ-Բաղդադին: Ըստ ՌԴ ՊՆ-ի այդ հայտարարության՝ Բաղդադին ենթադրաբար սպանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքի հարավային մասում մայիսի 28-ին՝ ԻՊ մյուս պարագլուխների հետ հավաքի ժամանակ:

Նախկինում նույնպես մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվել Ալ-Բաղդադիի սպանության մասին, սակայն դրանք չեն հաստատվել:

Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ 2016-ի սեպտեմբերին երևացել էր Իրաքում ԻՊ «կենտրոն» և հիմնական հենակետ Մոսուլի թաղամասերից մեկում: Ըստ տեղեկությունների՝ քաղաքում լարված իրավիճակից դրդված՝ ալ-Բաղդադին լքել է իր թաքստոցը և շրջել Մոսուլի թաղամասերից մեկում: Այնուհետև Մոսուլում իրավիճակի սրման ժամանակ տեղեկություններ էին տարածվել, որ ալ-Բաղդադին լքել է քաղաքը:

2014թ. հենց Մոսուլում էր ալ-Բաղդադին հայտարարել էր «Խալիֆայության» ստեղծման մասին։

Ալ-Բաղդադին համարվում է աշխարհի ամենապահանջված մարդը, ում գլխի համար ԱՄՆ-ն սահմանել է մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլար: Նա ահաբեկչական խմբավորումը գլխավորում է 2010 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *