Նախնական տվյալներով՝ հավանականություն կա, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածից սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Այս պահին ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր աղբյուրներով ստուգում է տեղեկությունը: Այս մասին ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բաղդադին ենթադրաբար սպանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքի հարավային մասում մայիսի 28-ին՝ ԻՊ մյուս պարագլուխների հետ հավաքի ժամանակ:
Նշվում է, որ ավիահարվածից սպանվել են շուրջ 300 ահաբեկիչ, այդ թվում՝ ԻՊ «ռազմական խորհրդի» անդամներ, Ռաքքա քաղաքի և հարակից շրջանների և ԻՊ «անվտանգության ծառայության» ղեկավարները:
Ռուսաստանի օդուժը հարվածն իրականացրել է մայիսի 28-ին՝ կեսգիշերն անց: Ավիահարվածի ժամը ֆիքսել և հաստատել են անօդաչու թռչող սարքերը:
Նշվում է, որ ահաբեկիչների հավաքվելու մասին ՌԴ պաշտպանական գերատեսչությանը հայտնի է դարձել մայիսի վերջին, այնուհետև հնարավոր է եղել պարզել, որ հանդիպման նպատակը եղել է Ռաքքայից ահաբեկիչների՝ «հարավային միջանցքով» դուրս գալու պլանավորումը:
«Իսլամական պետությունը» դեռևս չի անդրադարձել տեղեկությանը:
Նախկինում նույնպես մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվել Ալ-Բաղդադիի սպանության մասին, սակայն դրանք չեն հաստատվել:
Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ 2016-ի սեպտեմբերին երևացել էր Իրաքում ԻՊ «կենտրոն» և հիմնական հենակետ Մոսուլ քաղաքի թաղամասերից մեկում: Ըստ տեղեկությունների՝ քաղաքում լարված իրավիճակից դրդված Ալ-Բաղդադին լքել է իր թաքստոցը և շրջել Մոսուլի թաղամասերից մեկում: Այնուհետև Մոսուլում իրավիճակի սրման ժամանակ տեղեկություններ էին տարածվել, որ Ալ-Բաղդադին լքել է քաղաքը:
ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական և արաբական ուժերը Ռաքքան ազատագրելու գործողությունը սկսել են հունիսի սկզբին: ԻՊ-ն այն գրավել էր 2014 թ. և այնուհետև հռչակել «Խալիֆայության մայրաքաղաք»:
Ալ-Բաղդադին համարվում է մոլորակի ամենապահանջված մարդը, ում գլխի համար ԱՄՆ-ն սահմանել է մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլար: Նա ահաբեկչական խմբավորումը գլխավորում է 2010 թվականից: