Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին երկրի արևելքում և Իրաքի հյուսիսում

Հուլիսի 17-ին Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի արևելյան Բիթլիս նահանգում և Իրաքի հյուսիսային Զափ շրջանում:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի օդուժը Իրաքի Զափ շրջանում հարվածել է քրդերի դիրքերին նաև հուլիսի 16-ին: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ սպանվել է քրդական կառույցի 3 զինյալ: Թուրքական կողմի պնդմամբ՝ PKK-ի զինյալները պատրաստվել են Թուրքիայի սահմանային ստորաբաժանումների վրա հարձակում իրականացնել:

Վերջին շրջանում Թուրքիայի զինուժը ակտիվացրել է գործողությունները քրդերի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Իրաքի հյուսիսային շրջաններում: Թուրքիայի օդուժը հիմնականում հարվածում է Իրաքի հյուսիսային շրջաններին, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական բազաները:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի զինուժը հաճախ է հրետակոծում Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դիրքերը: Թուրքիան Սիրիայի քրդական խմբավորումները դիտում է որպես PKK ճյուղ և դրանք նույնպես բնորոշում «ահաբեկչական»:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Հատկապես մեծ վնասներ են կրել Թուրքիայի Շրնաք, Դիարբեքիր, Մարդին նահանգները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *