«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է Ալ-Բաղդադի մահը. Al-Sumaria

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հաստատել են  ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին լուրերը՝ առանց մահվան հանգամանքների վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու։Այս մասին տեղեկացնում է արաբական Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի Նինվե նահանգում իր աղբյուրներին։

Ըստ հեռուստաալիքի՝ ԻՊ-ն պատրաստվում է նաև մոտ օրերս հայտնել «նոր խալիֆի» անունը։

ԻՊ առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին

ԻՊ առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հավանականություն կա, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածից սպանվել է Աբու Բաքր ալ-Բաղդադին:

Ըստ ՌԴ ՊՆ-ի այդ հայտարարության՝ Բաղդադին ենթադրաբար սպանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքի հարավային մասում մայիսի 28-ին՝ ԻՊ մյուս պարագլուխների հետ հավաքի ժամանակ:

Նախկինում նույնպես մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվել Ալ-Բաղդադիի սպանության մասին, սակայն դրանք չեն հաստատվել:

Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ 2016-ի սեպտեմբերին երևացել էր Իրաքում ԻՊ «կենտրոն» և հիմնական հենակետ Մոսուլ քաղաքի թաղամասերից մեկում: Ըստ տեղեկությունների՝ քաղաքում լարված իրավիճակից դրդված Ալ-Բաղդադին լքել է իր թաքստոցը և շրջել Մոսուլի թաղամասերից մեկում: Այնուհետև Մոսուլում իրավիճակի սրման ժամանակ տեղեկություններ էին տարածվել, որ Ալ-Բաղդադին լքել է քաղաքը:

2014թ. հենց Մոսուլում էր ալ-Բաղդադին հայտարարել էր «Խալիֆայության» ստեղծման մասին։

Ալ-Բաղդադին համարվում է աշխարհի ամենապահանջված մարդը, ում գլխի համար ԱՄՆ-ն սահմանել է մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլար: Նա ահաբեկչական խմբավորումը գլխավորում է 2010 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *