ԱՄՆ Սենատը վերջնականապես հաստատել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։ Օրինագիծը ընդունվել է ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ։ Օրինագիծը գործարկելու համար դեռ անհրաժեշտ է Ներկայացուցիչների պալատի հաստատումը , ինչից հետո օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է ABC News լրատվակայքը։
Օրինագծով նոր խստացուցիչ պատժամիջոցներ են սահմանվելու նաև Ռուսաստանի նկատմամբ։
Հունիսի 7-ին Սենատում տեղի էր ունեցել օրինագծի նախնական քվեարակությունը, սակայն ձայները չէին բավարարել օրինագիծը Ներկայացուցիչների պալատ փոխադրելու համար։ Դեմոկրատների խմբակցությունը աջակցել էր հանարապետականների նախագծին պայմանով, որ նոր պատժամիջոցներ կսահմանվեն նաև Ռուսաստանի դեմ։
Ավելի ուշ դեմոկրատականները հայտարարել էին. որ նրանք կարող են արգելափակել օրինագիծը, եթե Ռուսաստանի դեմ նույնպես պատժամիջոցներ չսահամանվեն։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Իրանում տեղի էր ունեցել 2 ահաբեկչական հարձակում, որի հետևանքով 17 մարդ զոհվել և 50-ից ավելի մարդ վիրավորվել է։ Ահաբեկիչներին աջակցելու և ուղղորդելու համար Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։
Այս առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցական ուղերձ էր հղել Իրանին, միաժամանակ, սակայն, մեղադրելով նրան ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել էր Թրամփի ուղերձին՝ անվանելով այն հակասական։
«Սպիտակ տան հակասական հայտարարությունը և Սենատի պատժամիջոցները [եղել են] այն օրը, երբ ԱՄՆ-ի հաճախորդները ահաբեկչություն էին կազմակերպում Իրանում։ Իրանական ժողովուրդը չի ընդունում ԱՄՆ-ի կողմից նման ընկերության առաջարկությունները», — գրել է Զարիֆը թվիթերյան իր էջում:
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Թրամփը հանդես է գալիս Իրանի միջուկային համաձայնագիրը քննադատող ելույթներով։ Նա Իրանին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու, տարածաշրջանը ապակայունացնելու, հրթիռային ծրագիրը զարգացնելու մեջ։
Նմանատիպ մեղադրանքներով Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանվել են նաև նոր պատժամիջոցներ, որոնց ի պատասխան՝ Իրանը սահմանել է իր պատասխան պատժամիջոցները ԱՄՆ-ի նկատմամբ։
ԱՄՆ-ն նաև պատրաստվում է 110 մլրդ դոլարի սպառազինություն վաճառել Սաուդյան Արաբիային, որը , ըստ ամերիկյան կողմի հիմնավորման, թույլ է տալու ապահովել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը՝ Իրանի «չարորակ ազդեցության» և Իրանի հետ կապված սպառնալիքների պայմաններում: