Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 7 ընկերության նկատմամբ

Ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների` Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 7 ընկերության և 2 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք «ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցություն են ունեցել միջազգային իրավունքի, մարդու իրավունքների խախտմանը, սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, տարածաշրջանի ժողովուրդների ճնշմանը և աջակցել են ահաբեկիչներին»։

Այս մասին մայիսի 18-ին տեղեկացնում է Իրանի արտգործնախարարության պաշտոնական կայքը։

Booz Allen Hamilton ընկերությունը

Booz Allen Hamilton ընկերությունը

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել հետևյալ ընկերությունները՝

  1. Huntington Ingalls Industries նավաշինական ընկերությունը, որը «ռազմանավեր է արտադրել Իսրայելի համար»
  2. Booz Allen Hamilton ընկերությունը, որը «զբաղվում է Իրանի մասին հետախուզական տվյալների հավաքագրմամբ»
  3.  KingFisher Systems ընկերությունը
  4.  DynCorp International  մասնավոր ռազմական ընկերությունը, որը «գործունեություն է ծավալում Եմենում»
  5.  Սպառազինություն արտադրող McAlester Army Ammunition Plant  ընկերությունը
  6. The BIRD Foundation հիմնարկությունը, որը  «հօգուտ Իսրայելի ներդրումներ է կատարում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում»
  7. The BSF Foundation ամերիկա-իսրայելական համատեղ հիմնարկությունը

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Booz Allen Hamilton ընկերության գործադիր տնօրեն Հորացիո Ռոզանսկին և KingFisher Systems ընկերության  գործադիր տնօրեն Ռոյ Ռիդը։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին աջակցելու պատճառով պատժամիջոցներ էր սահմանել 3 քաղաքացիական անձի և 4 ընկերության նկատմամբ։

Պատժամիջոցներ են սահմանվել մասնավորապես Իրանի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության (Iran’s Defense Industries Organization (DIO)) առևտրի հարցերով փոխտնօրեն Մորթեզա Ֆարասթփուրի,  իրանական Shahid Bakeri Industries Group (SBIG) ընկերության տնօրեն Ռահիմ Ահմադիի նկատմաբ։

Բալիստիկ հրթիռների արտադրությանը տեխնոլոգիական, ֆինանսական  և այլ աջակցություն  ցուցաբերելու համար պատժամիջոցներ են սահմանվել նաև Չինաստանի քաղաքացի Ռայան Ռանլինգի, իրանական Matin Sanat Nik Andishan ընկերության  և չինական 3 ընկերությունների նկատմամբ։

Ամերիկյան ընկերությունների (թվով 15) նկատմամբ պատժամիջոցներ Իրանը սահմանել էր նաև մարտին։ Իսկ մինչ այդ՝ փետրվարին, բալիստիկ հրթիռների փարձարման համար ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել  Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված 12 ընկերության և 13 քաղաքացիական անձի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *