Մայիսի 20-ին՝ ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում, երկու երկրները ստորագրել են զենքի արտահանման՝ Նահանգների պատմության ընթացքում ամենախոշոր գործարքը՝ 110 մլրդ դոլար արժողությամբ (ցանկը ստորև):
Սաուդյան Արաբիային վաճառվող այս սպառազինությունը, ըստ ամերիկյան կողմի հիմնավորման, թույլ է տալու ապահովել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը՝ Իրանի «չարորակ ազդեցության» և Իրանի հետ կապված սպառնալիքների պայմաններում:
Գործարքը Սաուդյան Արաբիային նաև թույլ կտա շարունակել հակաահաբեկչական գործունեությունը տարածաշրջանում: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիային վաճառվող սպառազինությունը բաժանվում է 5 մեծ խմբերի.
- Սահմանի անվտանգություն և հակաահաբեկչական պայքար. ներառում է տանկեր, զրահապատ այլ մեքենաներ, ուղղաթիռներ, հրետանի, հակաականանետային ռադարներ, աերոստատներ, ինչպես նաև այս ամբողջ տեխնիկան կիրառող անձնակազմի ուսուցում,
- Ծովային և առափնյա անվտանգություն. ներառում է բազմանպատակային ռազմանավեր, պարետային նավակներ, ուղղաթիռներ ու կից սպառազինությունը, որոնք թույլ կտան ապահովել նավագնացության անվտանգությունը,
- Օդուժի արդիականացում. ներառում է տրանսպորտային (բեռնատար), հետախուզական, օդային աջակցման ինքնաթիռներ, ինչպես նաև առկա սպառազինության սպասարկում՝ օդային հետախուզության, օդային աջակցման զարգացման և օդում գերակայության հաստատման համար,
- Հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն. ներառում է Patriot և THAAD համակարգերի տրամադրում՝ օդային տարածքի պաշտպանության համար,
- Կիբերանվտանգություն և կապ. ներառում է համակարգեր, որոնք կարդիականացնան սաուդյան զինված ուժերի ղեկավարման համակարգը:
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը զուգահեռ՝ Սաուդյան Արաբիայում Իրանի դեմ ուղղված խոսքեր է ասել նաև ինքը՝ ԱՄՆ նախագահը: Թրամփը հայտարարել է, որ Իրանը Լիբանանից մինչև Իրաք ու Եմեն ֆինանսովարում, զինում և մարզում է ահաբեկիչների ու զինյալների, որոնք հետո քաոս են սփռում տարածաշրջանում: ԱՄՆ նախագահը կոչ է արել մեկուսացնել Իրանը, մինչև այնտեղի իշխանությունները համագործակցեն հանուն խաղաղության:
Սրան պատասխանել է Իրանի ԱԳ նախարարը և ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել Իրանի դեմ ուղղված հայտարարությունների փոխարեն բանակցել նրանց (նկատի ունի Սաուդյան Արաբիան — խմբ) հետ, որպեսզի խուսափի հաջորդ Սեպտեմբերի 11-ից (ԱՄՆ-ում երկնաքերերի պայթեցումը ահաբեկիչների կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին):
Սաուդյան Արաբիան և Իրանը տարածաշրջանի հակառակորդներից են և միմյանց դեմ միջնորդավորված պայքար են մղում մասնավորապես Եմենում և Սիրիայում: