Գերմանացիները կարող են այցելել Քոնիայում ՆԱՏՕ-ի բազա, բայց ոչ «Ինջիրլիք». Թուրքիայի ԱԳՆ

Հունիսի 5-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Գերմանիայի ԱԳ նախարար հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այս պահից սկսած հնարավոր է Գերմանիայի պատվիրակության այց ոչ թե Թուրքիայի հարավային «Ինջերլիք» ավիաբազա, այլ Քոնյա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա: 

Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաև Գերմանիայի պատգամավորների այցը Թուրքիայի հարավային Ադանա նահանգում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազա, որը վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դարձել:

«Ինչպես, որ մեր նախագահը [Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողան] հայտարարել է Բրյուսելում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, մեր առաջարկն այն է, որ Գերմանիայի պատվիրակությունը այցելի Քոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա…: Այսինքն ներկայում հնարավոր է այցելությունը ոչ թե «Ինջրլիք», այլ Քոնիայի ռազմաբազա»,-ասել է Չավուշօղլուն:

Գերմանիայի արտգործնախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ եթե նույնիսկ Բեռլինը որոշի դուրս բերել «Ինջիրլիք» ավիաբազայից իր ստորաբաժանումները, դրանք երկու երկրների հարաբերությունների վրա վատ չեն անդրադառնա:

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին Թուրքիան չէր թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին:

Սա պայմանավորված էր նրանով, որ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:

Այս դեպքից հետո Գերմանիայի իշխանությունները սպառնացել էին հանել իրենց ԶՈւ ստորաբաժանումները Թուրքիայի տարածքից և տեղափոխել այլ երկիր, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ եթե Գերմանիան ցանկանում է դուրս բերել զորքերը, ապա Թուրքիան չի համառի։ Գերմանական կողմը վեճը հարթելու համար դիմել էր նույնիսկ ԱՄՆ-ի աջակցությանը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան չի թույլատրում Գերմանիայի պատվիրակությանը այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին: 2016-ի հուլիսին Թուրքիան արգելել էր Գերմանիայի  պատվիրակության այցն «Ինջիրլիք» ռազմաբազա, ինչն ըստ երևույթին պայմանավորված էր  նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *