Թուրքիան կրկին արգելել է Բունդեսթագի պատգամավորների այցն «Ինջիրլիք» ավիաբազա

Թուրքիան ևս մեկ անգամ չի թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել իր տարածքում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին:

Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է.

«Թուրքական կողմը մեզ վերջնականապես տեղեկացրել է, որ Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի պատգամավորների՝ մայիսի 16-ին կայանալիք այցը [«Ինջիրլիք» ավիաբազա] համաձայնեցված չէ»:

Ինջիրլիք ռազմաբազա

Ինջիրլիք ռազմաբազա

Շեֆերը նաև հայտնել է, որ պատգամավորների «Ինջիրլիք» այցի կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ-ն և կառավարությունը՝ կանցլերի բարձրաստիճան ներկայացուցիչների մակարդակով, բանակցություններ է վարել դեռ ապրիլի առաջին կեսից, սակայն մինչ այժմ թուրքական կողմից ստացվել են «հակասական արձագանքներ»:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը կաշխատի և ջանքեր կգործադրի, որ պատգամավորների այցը «Ինջիրլիք» ավիաբազա կայանա:

Արգելանքի հետ կապված՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան իր զորքերը մեկ այլ երկիր կտեղափոխի, եթե Թուրքիան թույլ չտա Բունդեսթագի պատգամավորներին այցելել «Ինջիրլիքում» տեղակայված Գերմանիայի զինվորականներին:

Մերկելը, մասնավորապես, նշել է.

«Մենք կշարունակենք բանակցել Թուրքիայի հետ, բայց զուգահեռ մենք ստիպված կլինենք մեր մանդատը իրագործելու համար այլ ճանապարհներ ուսումնասիրել: Դա նշանակում է դիտարկել այլընտրանքներ «Ինջիլիքին» և մեկ այլընտրանք Հորդանանում եղածների մեջ»:

Մերկելը նաև նեշէլ է, որ շատ կարևոր է, որ պատգամավորները կարողանան այցելել «Ինջիլիքում» ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ ավելի քան 250 զինծառայողներին:

Մինչ այս Die Welt պարբերականը հայտնել էր, որ Գերմանիայի իշխանություններ տարածաշրջանում հայտաբերել են «Ինջիրլիքին» 8 այլընտրանք, որոնցից 6-ը գտնվում են Հորդանանում և Քուվեյթում, ևս երկուսը Կիպրոսում:

Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ իրենց զինված ուժերի ներկայացուցիչներն արդեն այցելել են Հորդանանի, Կիպրոսի և Քուվեյթի այդ ռազմաբազաներ, սակայն Գերմանիան դեռևս պաշտոնապես ոչ մի բանակցություններ չի սկսել այդ երկրների հետ ռազմաբազաների օգտագործման համար:

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Գերմանացի օդաչուները Ինջիրլիք ավիաբազայում. նկարը՝ «Ասոշեյթիդ պրես»-ի, 15/12/2015

Մինչ այս Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար: Թուրքիայի կողմից Գերմանիայի պատգամավորներին «Ինջիրլիք» չթողնելը կարող էր կապված լիներ Գերմանիայի այս քայլի հետ:

Նախորդ տարվա հուլիսին Թուրքիան ևս արգելել էր  գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա: Թուրքիան իր արգելանքը բացատրում էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ:

Թուրքիան,սակայն, թույատրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին գերմանացի պատգամավորները, այնուամենայնիվ, այցելեն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված գերմանացի զինվորականներին:

Թույլատրման հետ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ Գերմանիային արգելել էին ռազմաբազա մուտք գործել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով: Սակայն այժմ գերմանական կողմը կատարել է իր առջև դրված պայմանը՝ հայտարարելով, որ բանաձևը իրավական ուժ չունի:

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերից և 2016 թվականի հունվարից Ինջիրլիքում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *