Գերմանիան նախնական քաղաքական ապաստան է տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար: Ապաստան ստացել են նաև Գերմանիա գործուղված դիվանագետներ:
Այս մասին մայսի 8-ին հայտնել է «Դոյչե վելե» գերմանական պարբերական կայքը՝ փոխանցելով գերմանական WDR և NDR ռեգիոնալ պետական հեռարձակողներից և Süddeutsche Zeitung պարբերականից ստացած տեղեկությունները:
Նախնական տվյալներով՝ քաղաքական ապաստան տրամադրվել է Թուրքիայի ԶՈւ այն զինծառայողներին, ովքեր մինչև ռազմական հեղաշրջման փորձը աշխատում էին Գերմանիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություններում և հեղաշրջման փորձից հետո հրաժարվել են վերադառնալ Թուրքիա: Այն զինծառայողները, ովքեր վերադարձել էին՝ ձերբակալվել են և մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին աջակցելու համար:
Քաղաքական ապաստանի համար Գերմանիայի համապատասխան մարմիններին դիմել էր Թուրքիայի 414 քաղաքացի, այդ թվում՝ զինծառայողներ, դիվանագետներ, դատավորներ և այլ պետական աշխատողներ, ովքեր գործուղվել էին Գերմանիա և նրանց ընտանիքների անդամները (նույնպես ներառվել են նշված թվի մեջ):
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նշված 414-ից 262-ն ունեին Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր: Սակայն գերմանակն կողմը չի նշում, թե նրանցից կոնկրետ քանիսն էին զինծառայողներ և գտնվում էին Գերմանիայում ՆԱՏՕ-ի բազաներում:
2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո քաղաքական ապաստան էին խնդրել ոչ միայն Գերմանիայում, այլև՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի այլ երկրներում գտնվող զինծառայողներ, դիվանագետներ, պետական այլ աշխատողներ:
Բացի այդ, Թուրքիայից Հունաստան էին փախել և նույնպես քաղաքական ապաստան խնդրել Թուրքիայի ԶՈւ 8 զինծառայող: Հունական դատարանը արգելում է նրանց արտահանձնումը Թուրքիային: