Թուրքիան արգելել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա

Թուրքիան արգելել է հուլիսին գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա: Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը,հունիսի 22-ին հաղորդում է բրիտանական «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Ինջիրլիք ռազմաբազա

Ինջիրլիք ռազմաբազա

«Թուրքական կողմն այժմ չի հաստատում գերմանական պատվիրակության այցելության պլանները»,— հայտարարել է մամուլի քարտուղարը՝ հաստատելով ավելի վաղ գերմանական «Spiegel» լրատվակայքի հայտարարությունը: Նա նաև նշել է, որ Բեռլինը դեռևս հույս ունի, որ այցը կկայանա:

«Ռոյթերսը» նաև ավելացնում է, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների հարաբերությունները լարված են մասնավորապես հունիսի 2-ից հետո, երբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: «Spiegel»-ի տեղեկություններով՝ արգելանքը դարձյալ կապված է Ցեղասպանության ճանաչման հետ:

Նշվում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարի տեղակալ Ռալֆ Բրաուկսիպեն, ինչպես նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյա հուլիսին պիտի այցելեին Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազա, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ծառայություն է իրականացնում շուրջ 250 գերմանացի զինծառայող:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ, գերմանական պատվիրակությունն այցելելու էր նաև Իրաքի հյուսիսային հատված, ինչպես նաև Քուվեյթում և Քաթարում տեղակայված ԻՊ-ի դեմ կոալիցիայի շտաբ-բնակարան:

Հունիսի 23-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մալթայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան տեղին չի համարում գերմանական պատվիրակության այցն Ինջիրլիք: «Զինվորական և տեխնիկական խմբերը հանգիստ կարող են գնալ Ինջիրլիք, սակայն այս պարագայում տեղին չենք համարում ոչ զինվորական կազմակերպությունների և քաղաքական գործիչների այցը ավիաբազա»,— հայտարարել է Չավուշօղլուն, հաղորդում է թուրքական «Միլիեթ» պարբերականի կայքը:

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Եվրոպական արտադրության Tornado հետախուզականինքնաթիռ. Գերմանիայի ՌՕՈւ

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերից և 2016 թվականի հունվարից Ինջիրլիքում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքմանը:

2 responses to “Թուրքիան արգելել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա

  1. Pingback: Գերմանիան հնարավոր է դուրս բերի ռազմական ինքնաթիռները Թուրքիայից | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան գերմանացի պաշտոնյաներին թույլատրել է այցելել Ինջիրլիք ավիաբազա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *