Թուրքիայի զինված ուժերը համալրվել է շուրջ 13.000 նոր զինծառայողով

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը համալրվել է 13.125 նոր զինծառայողներով, այդ թվում նաև սպաներով և ենթասպաներով: 

Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր կայքը չի հրապարակում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների թվաքանակի մասին ամսական տեղեկությունները:

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերից հեռացվել էր շուրջ 20.000 զինծառայող, ինչի հետևանքով առաջացել էր զինծառայողների պակաս ուժային կառույցներում:

Այդ պակասը լրացնելու համար Թուրքիայի զինուժը դեռևս նոյեմբերին հայտարարել է, որ նախատեսում են մոտ 30.000 նոր անձնակազմ ընդունել ԶՈւ: Այսինքն մինչև այժմ հնարավոր է եղել ընդունել նախատեսված նոր անձնակազմի կեսից էլ պակասին: Սա թույլ է տալիս ենթադրել, որ զինված ուժերում զինծառայողների պակասը շարունակվում է:

Այդ պակասը հատկապես ակնառու է Թուրքիայի օդուժում, որտեղ օդաչուների խիստ պակաս է առաջացել հեղաշրջման փորձից հետո: Օդաչուների պակասը լրացնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը որոշել է որպես ռեզերվ ներգրավել նախկինում սեփական կամքով զինուժից հեռացած ռազմական օդաչուներին:

Բացի զինված ուժերից նաև ընդունելություն է կազմակերպվում Թուրքիայի ոստիկանությունում և ժանդարմերիայում: Դեռևս 2016-ի նոյեմբերին այս ուժային կառույցները հայտարարել էին յուրաքանչյուրը 10.000-ական հատուկջոկատային ընդունելու մասին (1, 2):

Թուրքիայի ՊՆ տվյալները Թուրքիայի ԶՈւ նոր ընդունված անձնակազմի մասին. 

Զինվորական կոչում           Հատուկ նշանակության ուժեր Թուրքիայի ցամաքային զորքեր Թուրքիայի     ՌԾՈւ Թուրքիայի     ՌՕՈւ Ընդհանուր
Սպաներ 161 930 296 312  1.699
Ենթասպաներ 184 1.569 791 642 3.186
Հատուկ պահմանագրային Էֆրեյտորներ 1.421 1.121 668  3.210
Պայմանագրային շարքայիններ 1.893 2.109 1.028  5.030
 Ընդհանուր  13.125

Թուրքիայի ցամաքային զորքերում, ՌԾՈւ-ում, ՌՕՈւ-ում ծառայողների աղյուսակ՝  2016-ի հուլիս — 2017-ի մարտ 

Զինվորական կոչում 2017-ի մարտ 2017-ի փետրվար 2016-ի հոկտ. 2016-ի սեպտ. 2016-ի հուլիս
 Սպաներ 25.518 25.728 29.434 29.946 32.189
Ենթասպաներ 64.059 64.655 67.257 67.646 68.978
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 47.294 47.167 49.279 48.879 48.854
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 16.316 16.018 15.869 15.888 13.088
Ընդհանուր 153.187 153.568 161.839 162.359 163.109

Այսպիսով, 2016-ի հուլիսից մինչև 2017-ի մարտ ժամանակահատվածում Թուրքիայի ցամաքային զորքերում, ռազմաօդային և ռազմածովային ուժերում սպաների, ենթասպաների, հատուկ պայմանագրային եֆրեյտորների և պամանագրային շարքայինների թվաքանակի համեմատությունը ցույց է տալիս, որ 2017-ի մարտի դրությամբ վերոնշյալ զինծառայողների թվաքանակը 2016 թ. հուլիսի համեմատությամբ նվազել է շուրջ 10.000-ով:

Իրականում 2016 թ. հուլիսից, այն է՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական զինուժից հանված պրոֆեսիոնալ զինծառայողների թիվն ավելի մեծ է ՝ քան նշված տարբերությունը: Այդ տարբերությունը կրճատվում է հուլիսից հետո ընդունված նոր անձնակազմի հաշվին: Ըստ այդմ՝ գոնե 2017 թ. մարտի դրությամբ Թուրքիան դեռևս չէր կարողացել համալրել հեռացված պրոֆեսիոնալ զինծառայողների տեղը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *