Մայիսի 30-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Գերմանիան չի կարող Թուրքիային սպառնալ «Ինջիրլիքի» ռազմաբազայից զորքերի դուրսբերումով և եթե ցանկանում է դուրս բերել զորքերը, ապա Թուրքիան չի համառի։ Այս մասին փոխանցում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ըստ Չավուօղլուի՝ գերմանացի պատգամավորների այցը բազա հնարավոր չէ, սակայն Թուրքիան ապագայում կարող է հարցը վերանայել, եթե «Գերմանիան դրական քայլեր ձեռնարկի»։
Միաժամանակ Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը» (SPD) Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից գերմանացի զինծառայողներին անհապաղ դուրս բերելու որոշում է ընդունել։
Որոշման մեջ նշվում է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լայենը (CDU) այս կապակցությամբ Բունդեսթագին պետք է անմիջապես ծրագիր ներկայացնի։Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։
SPD կուսակցության ղեկավար Մարտին Շուլցի խոսքերով՝ Թուրքիան փորձում է Գերմանիային ճնշման տակ պահել։ Ըստ նրա՝ «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի արգելքի հիմքում այն է, որ Գերմանիան քաղաքական ապաստան է տվել թուրք զինվորականներին։
Կոալիցիայի մյուս կուսակցությունը՝ Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատական միությունը (CDU), կողմ է Թուրքիայի հետ ևս մեկ անգամ բանակցելուն։ Հարցի առնչությամբ վերջնական որոշում կայացնելու է դաշնային խորհրդարանը:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ Գերմանիան առաջիկա 2 շաբաթում վերջնական կորոշի՝ ստորաբաժանումը Թուրիքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում թողնել, թե հանել այնտեղից:
Գերմանացի պաշտոնյան նշել է, որ իրենք բանակցություններ են վարում թուրքական կողմի հետ: Թուրքիայում գերմանական ստորաբաժանումը թողնելու կամ այնտեղից տեղափոխելու հարցը վերջնականորեն պարզ կլինի հունիսի կեսերին:
Մինչ այդ գերմանական կողմը հայտնել էր, որ իրենք պատրաստվում են «Ինջիրլիքի» ստորաբաժանումը տեղափոխել Հորդանան, կամ տարածաշրջանի այլ երկիր:
ԻՊ դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի ռազմաբազայում ծառայություն է իրականացնում Գերմանիայի ԶՈւ շուրջ 250 գերմանացի զինծառայող: Բացի այդ, ռազմաբազայում տեղակայված է 6 միավոր Tornado հետախուզական ինքնաթիռ և մեկ բեռնատար-լիցքավորող ինքնաթիռ: 2016-ի նոյեմբերի Գերմանիայի խորհրդարանը հաստատել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, ԻՊ դեմ պայքարում Թուրքիայում տեղակայված գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը երկարաձգելու և ընդլայնելու որոշումը:
Հիշեցնենք, որ դեռևս 2016-ի օգոստոսին Գերմանիայի զինված ուժերում քննարկվում էր Թուրքիայի զորքերի և զինտեխնիկայի դուրս բերման հարցը, ինչի պատճառն այն, որ նույն տարվա հուլիսին Թուրքիան արգելել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն «Ինջիրլիք» ռազմաբազա: Թուրքական կողմի այդ քայլ էլ պայմանավորված էր նրանով, որ նույն տարվա հունիսին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: