Ռուսաստանի զինված ուժերին Տ-14 «Արմատա» մակնիշի առաջին տանկերը մատակարարվելու են 2020 թվականից հետո, և դրանց առաջին օրինակները ստանալու է Թամանյան դիվիզիայի 1-ին գվարդիական տանկային գունդը, որը մտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի կազմի մեջ:
Ներկայում այս զորամասը զինված է Տ-72Բ3 նորագույն արդիականացման ռուսաստանյան տանկերով, և «Արմատաները» փոխարինելու են հենց այս տանկերին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի կայքը:
Ռուսաստանի բանակին այս տանկերի տրամադրումը հետաձգվել է արդեն մի քանի անգամ: Դեռևս 2014 թվականին նշվում էր, որ տանկը պատրաստ է լինելու 2015-ի վերջին և զորքերին է մատակարարվելու 2016 թվականին: 2015-ին տանկի մի քանի օրինակ արդեն պատրատվել էին և ներկայացվել են Մոսկվայում զորահանդեսի ժամանակ:
2015-ի օգոստոսին նշվում էր, որ «Արմատա» տանկը գործարանային փորձարկումներից հետո պիտի անցնի պետական փորձարկումներ, ինչից հետո՝ 2016 թվականին, պետք է որոշվի՝ ընդունել այն սպառազինության մեջ, թե ոչ:
Արդեն 2016 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և տանկերն արտադրող «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը 100 միավոր Տ-14 «Արմատա» տանկի ձեռքբերման պայմանագիր են կնքել: Առաջին խմբաքանկան արդեն գնված է և հանձնվել է փորձնական-մարտական շահագործման:
«Արմատա» տանկը պատրաստվել է համանուն պլատֆորմի հիմքով: Հայտնի է, որ «Արմատայի» հիմքի վրա նախատեսվում էր պատրաստել նաև ծանր հետևակի մարտական մեքենա և այլ մարտական ու օժանդակ զրահատեխնիկա։
ՌԴ զրահատեխնիկայի ապագայի և այդ համատեքստում «Արմատա» տանկերի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան» հոդվածում: