Թուրքական նավաշինարաններից մեկի բարձրաստիճան ղեկավարներից մեկը հայտնել է, որ երկու երկրների հետ էլ լուրջ բանակցություններ կան, իսկ կառավարությունը գործարքի մասին կհայտնի, երբ գտնի որ հարմար պահն է:
Թուրքիան Սաուդյան Արաբիային և Պակիստանին է վաճառելու ընդհանուր առմամբ 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռազմանավեր: Այս մասին, իր աղբյուրների հղում անելով, հայտնում է Defense news լրատվակայքը:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Սաուդյան Արաբիային կվաճառվի առնվազն 2 միավոր տեղական արտադրության «Իստամբուլ» դասի (I class) կորվետ կամ ֆրեգատ՝ յուրաքանչյուրը 300-ից 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Մինչ այս Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ նախատեսվում է Սաուդյան Արաբիայի հետ կնքել ռազմական արտադրանքի արտահանման մասին պայմանագիր, որը Թուրքիայի ռազմարդյունաբերության համար երբևէ կնքված ամենամեծամասշտաբ պայմանագիրը կլինի:
«Իստամբուլ» դասի ֆրեգատները Թուրքիայի MILGEM «Ազգային նավ» ծրագրով կառուցվող «Ադա դասի» հակասուզանավային կորվետների -ավելի մեծ տարբերակն են: Սրանք ունեն հակասուզանավային պայքարի նույն հնարավորությունները, սակայն ավելացել է զենիթային միջին հեռավորության մակերևույթ-օդ տիպի հրթիռների արձակման կայան: «Իստամբուլ» դասում 8-ով ավելացել է նաև հականավային հրթիռների թիվը: «Իստամբուլ» դասի ֆրեգատների վրա տեղադրվելու է RIM-162 Evolved Sea Sparrow հրթիռներով զենիթային Mk.41 կայան:
«Ադա» և «Իստամբուլ» դասերի վրա տեղադրվելու է որպես հիմնական զենքը 1 միավոր 76 մմ-ոց հրանոթ, 2 միավոր 12,7 մմ-ոց գնդացիր, հակասուզանավային փոքր տորպեդոներ և RIM-116 մակերևույթ-օդ տիպի փոքր հրթիռներ: Նավերը հագեցած են նաև ուղղաթիռների համար նախատեսված հրապարակով:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գխավոր վարչության պաշտոնյան հրաժարվել է մեկնաբանել զենքի վաժառքը՝ նշելով, որ կառավարության որոշելիքն է, թե երբ և ինչպես կհայտնեն նման մեծ գործարքի մասին:
Պակիստանի պարագայում նախատեսվում է վաճառել արդեն 4 միավոր «Ադա դասի» նավ՝ ընհանուր 1 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով: Համապատասխան պայմանգիրն արդեն ստորագրվել է:
Ըստ պաշտոնյաի՝ Թուրքիան ՆԱՏՕ-ոչ անդամ պետությանը չի կարող վաճառել Sea Sparrow հրթիռային կարողություններով նավ, ուստի դրա համար նախատեսված է «Ադա դասը»:
Սակայն ոչ Պակիստանը և ոչ էլ Սաուդյան Արաբիան ՆԱՏՕ-ի անդամ չեն, սակայն վերջինին վաճառվում է «Իստամբուլ» դասի ռազմանավ, որը , ինչպես արդեն նշեցինք, ունի RIM-162 Evolved Sea Sparrow հրթիռներով զենիթային Mk.41 կայան: