Թուրքիան մտադիր է խոշոր ծավալի զենք վաճառել Սաուդյան Արաբիային

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերության համար Սաուդյան Արաբիայի հետ կնքվելիք ռազմական արտադրանքի արտահանման մասին պայմանագիրը երբևէ կնքված ամենամեծամասշտաբ պայմանագիրը կլինի: Փոխանցում է Defense News պարբերականը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը (արխիվ)

Թուրքիայի ռազմական արդյունաբերության ոլորտից այլ պաշտոնյաններ ևս հաստատել են, որ Սաուդյան Արաբիայի հետ ռազմական արտադրանքի արտահանման մասին պայմանագրի համար բանակցությունները գտնվում են վերջին փուլում:

Սակայն աղբյուրը հրաժարվել է մեկնաբանել, թե պայմանագրով ինչ տեսակի զենք ու տեխնիկա է նախատեսվում տրամադրել Սաուդյան Արաբիային:

Թուրքիայի ռազմական արդյունաբերության աղբյուրներից մեկը հայտնել է, որ պայմանագիրը գուցե նաև ներառի ռազմական նավերի մատակարարում:

Թուրքիայի ռազմական արտահանման շուկայում Սաուդյան Արաբիան գտնվում է ամենաշատ ռազմական արտադրանք ստացող առաջին 10 երկրների շարքում, բայց Թուրքիայից գնումները այնքան էլ մեծ գումար չենք կազմում՝ տարեկան մոտավորապես 50 միլիոն դոլար:

Թուրքիան և Սաուդյան Արաբիան քննարկել են ռազմական ոլորտի համագործակցության ընդլայնամն վերաբերող հարցեր 2015-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սաուդյան Արաբիա այցի ընթացքում:

Բացի այդ, Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է մեծացնել ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանքների արտահանման ծավալները: Թուրքիայի ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալները 2011-ից հետո գրեթե կրկնապատկվել են՝ 883 միլիոն դոլարից հասնելով 1,65 միլիարդ դոլարի:

Բացի այդ, նշենք, որ համաձայն Թուրքիայի արտահանման խորհրդի պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի 2017-ի հունվար-ապրիլ ամիսներին Սաուդյան Արաբիային մատակարարել է մոտ 13,5 միլիոն ամերիկյան դոլարի պաշտպանական և ավիացիայի ոլորտի արտադրանք: Ընդ որում 2016-ի առաջին քառամասյակի հետ համեմատած այդ ոլորտում արտահանումը նվազել է մոտ 50 տոկոսով (2016-ի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը կազմել է 27 միլիոն):

Նշենք, որ դեռևս 2013-ին Թուրքիան և Սաուդյան Արաբիան 5 տարի ժամկետով վավերացրել էին ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության համաձայնագիր, որով նախատեսում էր երկու պետությունների ռազմարդյունաբերական ոլորտների միջև համագործակցության զարգացում, ռազմական նշանակության ապրանքների և ծառայությունների թողարկում ու իրականացում, փոխադարձ աջակցություն տեխնիկական և տրանսպորտային հարցերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *