Ռուսաստանում «Արմատա» տանկի փորձարկումները կավարտվեն 2016-ին

Ռուսաստանյան նորագույն «Արմատա» տանկը, որը պատրաստվել է համանուն պլատֆորմի հիմքով, գործարանային փորձարկումներից հետո կանցնի պետական փորձարկումներ, ինչից հետո՝ 2016 թվականին, կորոշվի՝ ընդունել այն ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ, թե ոչ: Այս մասին այսօր՝ օգոոստոի 14-ին, հայտարարել է ՌԴ ԶՈւ զամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը:

«Արմատա» տանկը՝ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի փորձերի ժամանակ, Մոսկվայում

«Արմատա» տանկը՝ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի փորձերի ժամանակ, Մոսկվայում

Պաշտոնյայի հավաստմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերում նախատեսում են մինչև 2020 թվականը 70 տոկոսով թարմացնել սպառազինությունը, և իրենք դրան անպայման հասնելու են:

Մեկ այլ հայտարարության մեջ, սակայն, Սալյուկովը նշել է, որ արդիականացումից հետո ներկայում ՌԴ զինված ուժերում շահագործվող Տ-72Բ3 տանկերը սպառազինության մեջ կմնան ևս մոտ 10 տարի, իսկ հնարավոր է, որ ավելի երկար: Սա նշանակում է, որ ռուսաստանյան զինված ուժերում Տ-72Բ3 տանկերի նորագույն թարմացումները հավասար կշահագործվեն «Արմատաների» հետ, եթե դրանք այնուամենայնիվ ընդունվեն:

ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարը նշել է, որ Տ-72 ընտանիքի տանկերն ունեն արդիականացման մեծ պաշար, և հիմա իրենք նախատեսում են Տ-72Բ3 տանկերի վրա կատարելագործել շարժիչն ու կրակի կառռավարման համակարգը՝ տանկերը ևս 10 տարի շահագործելու համար:

«Արմատաներով», թե արդիականացված Տ-72 տանկերով սպառազինությունը համալրելու հարցը գեներալը կապել է ծախսերի հետ: Նրա խոսքով՝ մի բան է սպառազինության մեջ վերցնել նոր տանկ, մեկ այլ բան՝ վերցնել արդեն փորձված տանկը:

Տ-72 տանկի նորագույն արդիականացումը՝ Տ-72Բ3Մ (Տ-72Բ4) տանկը բիաթլոնի ժամանակ․ լավ երևում է արտադրող ընկերության՝ «Ուրալվագոնզավոդի» ապրանքանիշը

Տ-72 տանկի նորագույն արդիականացումը՝ Տ-72Բ3Մ (Տ-72Բ4) տանկը բիաթլոնի ժամանակ․ լավ երևում է արտադրող ընկերության՝ «Ուրալվագոնզավոդի» ապրանքանիշը

Մինչ այս՝ 2015-ի հունիսին, ռուսաստանյան ինչպես Տ-72 շարքի, այնպես էլ «Արմատա» տանկերն արտադրող ընկերության գլխավոր կոնստրուկտոր Անդրեյ Տերլիկովը հայտնել էր, որ իրենք արդեն սերիական արտադրության են մտցնում Տ-72Բ3 տանկերի նորագույն արդիականացումը, որը հայտնի է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնից:

ՌԴ զրահատեխնիկայի ապագայի և այդ համատեքստում «Արմատա» տանկերի մասին կարող եք կարդալ «Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան» հոդվածում:

Տ-72 տանկի մասին մանրամասները կարող եք կարդալ Ռազմական հանրագիտարանի «Տ-72» հոդվածում:

One response to “Ռուսաստանում «Արմատա» տանկի փորձարկումները կավարտվեն 2016-ին

  1. Pingback: ՌԴ սպառազինությունը կհամալրվի 100 միավոր «Արմատա» տանկով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *